Օգոստոսի 12-ին: Տոն Շողակաթի՝ Ս. Էջմիածնի ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:


 

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես երկնքից մի շող է կաթում:

Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել եւ օծվել է 303թ, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, Մայր Տաճարն էլ Աստվածածնի անվանը նվիրված լինելով, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը Շողակաթի տոնն է կատարում:

Հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հինադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգորի տեսիլքով ինքն Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց մեր ժողովրդի ապագան` որպես մի ընտրյալ ժողովուրդ, որն առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակեց և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:20664819_714509595407681_1718422868292573212_n