ՔԴԿ


  ՔԴԿ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ կրթադաստիարակչական գործունեություն ծավալող կառույց է, որ համագործակցելով ոլորտին առնչվող և այն համակարգող հաստատությունների հետ` խթանում է հանրակրթության ոլորտի աշակերտների, նախադպրոցական կրթության ոլորտ, մեկօրյա կրթօջախների և մանկատների սաների հոգևոր ազգային կրթությունն ու դաստիարակությունը:

  2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4-10-րդ (այսօր՝ 5-11-րդ) առարկայացանկում: Հարկ է նշել նաև, որ հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի ծրագրում ՀԵՊ առարկան ներառված է երաշխավորված առարկաների ցանկում և որոշ դպրոցներում տնօրենների հայեցողությամբ առարկային այդ դասարանում ևս հատկացվում են դասաժամեր:

  ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը: ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում ՀԵՊ առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում հարց բարձրացնում անհապատասխան ուսուցչի փոխարինման: Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն: Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի գործունեության շրջանակներում ընդգրկված են հետևյալ ոլորտները.

Նախադպրոցական կրթության ոլորտ

Միջնակարգ կրթության ոլորտ

Կիրակնօրյա կրթության ոլորտ

Հատուկ դպրոցների և մանկատների ոլորտ

  Կենտրոնի գործունեությունը համակագվում է ՔԴԿ գրասենյակային և տարածաշրջանային աշխատակիցների գործունեությամբ:

  Գրասենյակային աշխատակիցները ստանձնում են կենտրոնի գործունեության ոլորտների, ծրագրերի համակարգման, հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատվությունը: Տարածաշրջանային պատասխանատուները տեղայնացնում են կենտրոնի գործունեությունը ՀՀ տարածաշրջաններում:

  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Արագածոտնի մարզի չորս տարածաշրջանում ունի աշխատակիցներ,ովքեր աշխատանք են իրականացնում նշված ոլորտներում.

Աշտարակի տարածաշրջան

Աշխատակից՝ Աննա Վարդանյան

Էլ. հասցե – ashtarakqdk@gmail.com

13 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 13 նախակրթարաններ

34 դպրոցներ, որոնցից 8-ը հիմնական, 1-ը ավագ և 25-ը միջնակարգ

Դպրոցներում դասավանդում են 51 «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ

4 դպրոցներ, որոնց 2-4 դասարաններում ներդրված է ՀԵՊ առարկան

1 հատուկ դպրոց

Ապարանի տարածաշրջան

Աշխատակից՝ Ֆլորա Հակոբյան

Էլ. հասցե – aragacqdk@gmail.com

5 մանկապարտեզներ, 7 նախակրթարաններ

22 դպրոցներ, որից 1-ը ավագ, 15-ը միջնակարգ, 6-ը հիմնական: Դպրոցներում դասավանդում են 24 Հայոց Եկեղեցու Պատմություն» առարկայի ուսուցիչներ

16 կիրակնօրյա դպրոցներ, ուր դասավանդում են 9 մանկավարժներ և ուսանում են մոտ 450-500 սաներ

5 դպրոցներ, որոնց 2-4 դասարաններում ներդրված է ՀԵՊ առարկան

Արագածի տարածաշրջան

Աշխատակից՝ Ֆլորա Հակոբյան

Էլ. հասցե – aragacqdk@gmail.com

1 մանկապարտեզներ, 2 նախակրթարաններ

22 դպրոցներ, որից 11-ը եզդիական համայնքին պատկանող

Դպրոցներում դասավանդում են 26 Հայոց Եկեղեցու Պատմություն» առարկայի ուսուցիչներ

2 դպրոցներ, որոնց 2-4 դասարաններում ներդրված է ՀԵՊ առարկան

Թալինի տարածաշրջան

Աշխատակից՝ Աղավնի Հովհաննիսյան

Էլ. հասցե – talinqdk@gmail.com

8 նախադպրոցական ուսումնական հաստատություն, 5 նախակրթարան

43 դպրոցներ, որոնցից՝ 17-ը հիմնական, 25-ը միջնակարգ, 1-ը ավագ

Դպրոցներում դասավանդում են ՀԵՊ առարկայի 45 ուսուցիչներ

4 դպրոցներ, որոնց 2-4 դասարաններում ներդրված է ՀԵՊ առարկան

2 կիրակնօրյա դպրոցներ, 2 մանկավարժով և 50 սաներով

Կիրակնօրյա ոլորտ

1991 թվականին` երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք, հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք` 1996 թվականին:

Կենտրոնի գործունեության անդրանիկ պտուղը մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցական համակարգի ստեղծումն էր և կրոնի ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Կենտրոնը նաև զբաղվում էր հոգևոր գրականության, «Քրիստոնյա Հայաստան» թերթի պատրաստմամբ և հրատարակությամբ, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակչության և քարոզչության բովանդակային հաղորդաշարերի պատրաստությամբ և հեռարձակմամբ:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին քայլերից մեկը եղավ ուսուցիչների վերապատրաստումը` կրոն դասավանդելու համար, որին զուգահեռ բացվեցին կիրակնօրյա դպրոցներ, կազմվեցին ուսումնական ծրագրեր, տպագրվեցին Կրոնի դասագրքեր` 1-10-րդ դասարանների համար, ինչպես նաև բազմաբնույթ գրքույկներ, ուսուցողական թերթոններ և այլ օժանդակ նյութեր: 1996թ. Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի գահակալության օրոք ստեղծված Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ) դարձավ հանրապետությունում գործող կիրակնօրյա դպրոցներին միմյանց կապող միակ օղակը:

2005թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ կազմավորվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), որի գործունեության շրջանակներում ընդգրկվեց նաև կիրակնօրյա կրթության ոլորտը: Կենտրոնը Վորլդ Վիժն միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության աջակցությամբ իրականացնում է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներ, թեմական ներկայացուցչական ժողովներ: Հընթացս մշակվել են միասնական կանոնադրություն, ուսումնական ծրագրեր, մեթոդական գրականություն, իրականացվել տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր:

Արագածոտնի թեմի` Ապարանի,Արագածի և Թալինի տարածաշրջաններում գործում է 18 կիրակնօրյա դպրոցներ:Որտեղ ուսուցանում են 11 ուսուցիչներ և հաճախում են 500-550 աշակերտներ:

Նախադպրոցական կրթության ոլորտ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), հետամուտ լինելով աճող սերնդի ազգային-հոգևոր դաստիարակության իրականացմանը, գործունեություն է ծավալում նաև նախադպրոցական կրթության ոլորտում:

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ 12.10. 2005թ. Թիվ 07-4/31-39 գրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանային պատասխանատուները, ովքեր համակարգում են կենտրոնի աշխատանքները մարզերում, ըստ տարածաշրջանների պարբերաբար այցելում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ (ՆՈՒՀ)՝ զրույց-խորհրդատվություն իրականացնում հաստատության տնօրենության և դաստիարակների հետ, մասնակցում կազմակերպվող միջոցառումներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրականացվում են տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր՝ տարածաշրջանային սեմինարներ ՆՈՒՀ-երի մանկավարժների և դաստիարակների մասնակցությամբ (2008թ.,2012թ.), «Ս. Զատիկը մանուկների շուրթերով» մրցույթ-փառատոն (2009թ.), «Ծաղկազարդը տոնում են մանուկները» (2010թ.), «Ծաղկազարդը տոնում են մանուկները» (2011թ.) ծրագիր, մարզային հանդիպումներ ՆՈՒՀ-երի տնօրենների հետ (2012թ.), «ՆՈՒՀ-ի լավագույն տնօրեն, լավագույն մանկավարժ, լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթ (2013թ.), ՀՀ բոլոր մարզերից ՆՈՒՀ-երի սաների հյուրընկալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հանրակրթական ոլորտ

 

ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին 2.02. 2007թ. ՀՀ օրենքի հոդված 8-ը և ՀՀ ԿԳՆ 12.10. 2005թ. Թիվ 07-4/31-39 գրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տարածաշրջանային պատասխանատուները, ովքեր համակարգում են կենտրոնի աշխատանքները մարզերում` ըստ տարածաշրջանների, այցելում են հանրակրթական դպրոցներ` իրականացնում դասալսումներ, ծանոթանում առարկայի դրվածքին, ուսուցիչների պատրաստվածությանը, առարկայի նկատմամբ   աշակերտների վերաբերմունքին, կազմակերպում ուսուցիչների հոգևոր-մասնագիտական գիտելիքները հարստացնող սեմինարներ, օգտակար լինում նրանց մասնագիտական խորհուրդներով, տրամադրում համապատասխան գրականություն, միջոցառումների կազմակերպման օրինակելի սցենարներ, տեղեկանում առարկայի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև` առաջարկներին, որոնք նկատի են առնվում և քննարկվում կրթության գերատեսչությունում:
ԿԳՆ հետ համագործակցաբար, 2005թ.-ից սկսյալ,  կազմակերպվում է Լավագույն ուսուցիչ մրցույթը, որը խրախուսում է մրցույթի մարզային և հանրապետական փուլերը հաղթահարած ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի, այնպես էլ հայոց լեզվի, հայոց պատմության, բնագիտական առարկաների ուսուցիչներին և դասվարներին:
2009-2010 ուսումնական տարվանից ՔԴԿ նախաձեռնությամբ և ԿԳ նախարարի հրամանով առարկայական օլիմպիադաների շարքում իր հաստատուն տեղն է գրավել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որին մասնակցում են 8-12-րդ դասարանների աշակերտները:
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ՔԴԿ-ն պարբերաբար  նախաձեռնում է հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի իրագործում, ինչպես օրինակ` Գիտաժողովների շարք ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, Ս. Պատարագն աշակերտների շուրթերով, Խոկումներ Մեծ Պահքի շրջանում, Ուխտագնացություններ խոնարհված եկեղեցիներ, Կրթության մշակների օրհնություն, Տնօրենների գնահատանք, Հոգևոր աջակցություն ընտանիքներին, Գրերի գյուտից գրատպություն, Ավետարանական առակները հայ դպրոցում ծրագրերը:
2011-2012 ուստարվանից սկսած ՔԴԿ-ի նախաձեռնությամբ, ՀԵՊ առարկան փորձաշրջանով ներդրվեց ՀՀ տարբեր մարզերի 25 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում: 2012-2013 ուստարում դպրոցների թիվը աճեց մինչև 47-ը, իսկ 2014-2015 ուստարում՝ 53 դպրոցների շուրջ 9000 աշակերտներ ուսումնասիրում են Հայոց Եկեղեցու պատմություն առարկան: