ՔԱՐՈԶ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի


oshakannn_n

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Արման սարկավագ Ահարոնյան
Քաղվածք Հովհան Մանդակունի Վարդապետի Ճառընտիր
«ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ»
«ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ»
Սիրելի հավատավոր Հայորդիք Ի Քրսիտոս Հիսուս Մեր Տերն ամենամեծ պատվերն է առաքել մեզ, որպեսզի մենք մեր սրտում ծրարած Քրիստոս Աստծուն ունենանք և մեր կյանքը նրա սիրով ողողենք:
Սիրո մասին նորագույն բաներ փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեզ սիրո վարդապետ ունենք նույն Իրեն` Քրիստոսին, Ով ասաց. «Սիրեցե՛ք միմյանց» [Հովհ. ԺԳ 34]
«Աստված սեր է», ասում է որոտման որդին` Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, եւ`«Նա, ով սիրում է, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ բնակվում է Նրա մեջ» (տե՛ս Ա Հովհ. Գ 24 ):
Եւ արդ, սիրելիներ, լսեցեք եւ հիշե՛ք սիրո մասին այս խոսքերը:
Ամեն ոք, ով սիրում է Աստծուն, սիրում է նաեւ իր եղբորը, ընկերոջն ու բարեկամին, հարևանին ու մերձավորին, բնությանն ու կենդանությանը, որովհետեւ Աստծու նկատմամբ սերը երեւում է ամեն բանի մեջ:
Որովհետեւ եթե [մարդ] չի սիրում եղբորն, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում: Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծուն, երբ մեր եղբորը սիրում ենք հոգու եւ ոչ թե մարմնի սիրով: Քանի որ ուրիշ է հոգու սերը, եւ ուրիշ է մարմնի սերը:
Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է, ճանաչվում է Աստծու կողմից, եւ ինքն էլ ճանաչում է Աստծուն, եւ ամեն ոք, ով չի սիրում իր եղբորը ցավակցաբար, օտար է Աստծուն եւ չի կարող ընդունել աստվածային շնորհները:
Ամեն ոք, ով սուրբ սրտով սիրում է իր եղբորը, դառնում է Աստծու բնակարան, եւ Աստված բնակվում է նրա մեջ: Որովհետեւ Ինքը` Տերը, սիրեց մեզ եւ առաքեց Ճշմարտության Հոգուն` բնակվելու մեր մեջ, որպեսզի մեր իմանալի հոգիները սիրով կապակցի Աստծու անիմանալի Հոգուն. Նա կամենում է, որ մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ: Տե՛ս, թե Աստծու մոտ որքան համարձակություն ունի սերը. այն մարդուն դարձնում է Աստծու նման: Որովհետեւ Աստված Իր սիրով մարդկանց նման եղավ, ցույց տվեց, որ մարդիկ էլ իրենց սիրով Աստծու նման պիտի լինեն: Քանի որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար» (տե՛ս Ա Հովհ. Դ 9):
Եթե մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Աստված մեզ սիրեց, չարը չի կարող խափանել մեր սերը: Ամեն ոք, ով սիրում է, հայտնի է մարդկանց առջեւ եւ համարձակ է Աստծու առջեւ, որովհետեւ մեղքերով մահվանից չի վախենում, այլ զինված է Աստծու սիրով եւ չի վախենում ոչ մի երկյուղական վտանգից: Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա. ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, եւ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհ. Դ 18):
Երկյուղը ենթակա է տանջանքների, իսկ սերը` համարձակության, երկյուղը հալածվում է սիրուց: Այնտեղ, ուր սեր չկա, կա դատաստանի երկյուղը եւ այն մեծ Օրվա ահավոր ատյանի [ժամանակ] կորստյան [մատնվելու] սարսափը:
Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից: Սեր ասում եմ այն բանին, ինչ ամբողջովին հեռու է կասկածից: Որովհետեւ կասկածն ու սերը միասին չեն բնակվում:
Պետք է իմանալ, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում իր խաղաղության պտուղն, այլ նաեւ այս աշխարհում հալածում է ամենայն թշնամություն` նախանձն ու ատելությունը, ոխակալությունն ու չարակամությունը, չարախոսությունն ու հայհյությունը, տրտունջքն ու բամբասանքը, հպարտությունն ու գոռոզությունը, մանավանդ բոլոր չարիքների մայր` արծաթասիրությունն ու ագահությունը: Արդ, նա, ով ունի սեր, հեռանում է այս բոլոր չարիքներից եւ հասնում երկնային խաղաղության նավահանգիստ, հասնում միայն բարուն:
Ի՞ նչն է սիրուց առավել խաղաղ. Ազատությունն ամենայն խռովությունից եւ աստվածային կամքի կատարումը։
ազատ լինել ամենայն խռովությունից եւ կատարել աստվածային կամքը:
Սերը երկնքի արքայության բանալին է եւ հավիտենական կյանքի ճանապարհը:
Սերը մարդկանց Աստծու որդիներ եւ երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում:
Սերն անապական է դարձնում ապականացու բնությունը եւ մահկանացուներիս դեպի անմահութուն է բարձրացնում:
Սերը երկրայիններիս՝ երկնային եւ հողեղեններիս հրեղեն է դարձնում:
Եւ արդ, ո՞ վ կարող է պատմել սիրո անչափ մեծության մասին, որովհետեւ անճառելի եւ անպատմելի է այն. ինչպես որ անքննելի է Աստվածության անեղ բնությունը, այդպես էլ սիրո բնությունն [է անքննելի]: Եւ ինչպես որ Աստված է անբավ, բայց մերձ է բոլորիս եւ բնակվում է հեզերի, խոնարհների եւ բոլոր նրանց մեջ, ովքեր դողում են Նրա խոսքերից [տե՛ս Ես.ԿԶ 2], այդպես էլ սերն է մերձ բոլոր նրանց, ովքեր կամենում են այն, եւ ինքը գալիս եւ բնակվում է իրեն փնտրողների մեջ: Որովհետեւ սերը սիրում է իրեն սիրողներին եւ ատում՝ իրեն ատողներին:
Ովքեր փնտրում են նրան, աստվածապես մոտ է նրանց, քանզի Աստված սեր է եւ կամենում է, որ [մենք էլ] սուրբ սրտով եւ անկեղծավոր հավատով սիրենք [միմյանց]:
Ինքն Աստված սեր է (և Հովհաննեսն էլ Նրան սեր է անվանում [Հովհ. ԺԳ 34]) ․ նա, ով մնում է Աստծու սիրո մեջ, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է մեր մեջ, որովհետեվ կատարում է նրա սիրելու հրամանը:
Սիրել քարոզվում էր նաև Հնում. իսկ Նորում Քրիստոս հրամայում է սիրել [ոչ միայն] մեզ սիրողներին, այլ նաև մեր թշնամիներին, նաև անձը դնել մեր սիրելիների սիրո համար (տե՛ս Մատթ.Ե 44): Նա Իր անձը դրեց և՛ թշնամիների, և՛ սիրելիների համար, որպեսզի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով մեր մեջ սիրո պատվիրանը հաստատի: Ուստիև մենք սրտով սիրե’նք Աստծուն և երկյուղով պահե՛ նք Նրա պատվիրաններն. Աստծուն սիրելը Նրա պատվիրանները սրտով պահելն է:
Իսկ Նրա պատվիրաններն այս են, որ ճշմարիտ սիրով սիրենք միմյանց. ամեն ոք, ով ճշմարտապես սիրում է իր ընկերոջը, պահում է Նրա պատվիրանները:
Իսկ ճշմարտապես սիրելն այս է, որ սիրում ենք ոչ թե [մեզ արված] երախտիքի համար, ոչ թե ըստ ընտանեկան սովորության, ոչ թե նրա գեղեցիկ դեմքի, ոչ թե գութի համար և ոչ էլ, որովհետև նա սիրում է մեզ:
Թող Աստված բնակվի յուրաքանչյուր Հայորդու սրտում և նրա միտքն ու սիրտը պարուրված լինի Աստվածային սիրով ու Լուսապայծառ սիրո վառ լույսով, և պտղաբերվի Քրիստոսով:
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: