ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՏՈՆԵՐ. Շարժական եւ անշարժ տոներ


1474

Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու խմբի` շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես` տերունի տոներից անշարժ են` Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն: Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը` 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի Վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ` վերափոխման, որը կիրակի օրը եղավ: Սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը` 11-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում, Խաչվերացի տոնն է: Թեպետ խաչը ուրբաթ օրը ներկվեց Տիրոջ Արյամբ, սակայն խաչի փառքը կիրակի օրը հայտնի դարձավ: Մինչև Հարության կիրակին խաչը որպես մահվան գործիք էր դիտվում, իսկ այդ օրը որպես Կյանքի ծառ երկրպագվեց: Այդ պատճառով էլ Խաչվերացը կիրակի օրն ենք տոնում: Իսկ շարժական են` Առաջավորաց բարեկենդանը, Բուն բարեկենդանը, Զատիկը, Համբարձումը, Հոգեգալուստը և Վարդավառը: Նշված շարժական տոները տեղափոխվում են Ծննդյան տոնի նկատմամբ, սակայն անշարժ են Զատկի տոնի նկատմամբ, և որոշելով տվյալ տարում Զատկի տոնի օրը` որոշում ենք նաև Զատկին համընթաց տեղափոխվող տոների օրերը: Մինչև Նիկիայի տիեզերական ժողովը քրիստոնյաները Զատիկը տոնում էին հրեաների հետ միասին, նույն օրը, երբ լուսինը լինում էր 14 օրական: Հետագայում Կոստանդիանոս բարեպաշտ արքան, չկամենալով Զատիկը տոնել տիրասպան ազգիների հետ նույն օրը, խնդրեց սուրբ հայրապետներին, որպեսզի Զատիկը տոնելու համար նոր կարգ սահմանեն, և այն տոնվի միայն կիրակի օրը, երբ Քրիստոս հարություն առավ: Թեպետև շաբաթվա մեկ այլ օր Զատիկը տոնելը հակառակ չէր աստվածադիր օրենքին, սակայն բարեպաշտ արքայի խնդրանքով Նիկիայի տիեզերական ժողովում սահմանվեց տոնել կիրակի օրը, որով և առանձնացանք Հին Ուխտի հետևորդներից: Զատկի օրը որոշելու համար պետք է հաշվի առնել օրվա խորհուրդը և ոչ ամսաթիվը, ինչպես Ծննդյան դեպքում է: Պետք է իմանալ, որ զատիկները չորսն են. առաջին զատիկը եղավ արարչության օրերին, երկրորդը` օրինադրության, երրորդը` վերստին նորոգման, իսկ չորրորդը լինելու է համընդհանուր հարության ժամանակ: Սրանք բոլորն էլ միմյանց օրինակն են ու գաղափարը: Հետևաբար` Զատիկը տոնելու օրը պետք է որոշել` հաշվի առնելով թվարկված զատիկների առանձնահատկությունները: Այդ առանձնահատկություններից առաջինը գարնանային գիշերահավասարն է: Սա այն օրն է, երբ գիշերվա և ցերեկվա ժամերը հավասար են, և այդպես է լինում մարտի 22-ին: Գիշերահավասարն անհրաժեշտ պայման է Զատկի օրը որոշելու համար, քանի որ արարչության օրերին գիշերահավասար էր, և հրեաների զատիկը եղավ գիշերահավասարից հետո` նիսանի 14-ին: Եվ դարձյալ` գիշերահավասարից հետո` նիսանի 14-ին, Քրիստոս Վերնատանը ընծայեց Իր Մարմինն ու Արյունը ( տե՛ս Ղուկ. ԻԲ 17-20): Երկրորդ պայմանն է, որ լինի լիալուսին, այսինքն` լուսինը լինի տասնչորս օրական, քանի որ արարչության օրը լուսինը տասնչորս օրական ստեղծվեց: Թեպետև այդ օրը լուսինը տակավին մեկ օրական էր, սակայն այնպես ամբողջական էր երևում, ինչպես տասնչորս օրական ժամանակ, քանզի լուսնին վայել չէր թերի և կիսակատար լինել իր լինելության օրը: Եվ բոլոր արարածներն էլ լի ու կատարյալ ստեղծվեցին, ինչպես և բույսերն իրենց արարման օրը ոչ թե ծիլեր էին, այլ կատարելապես հասունացած էին և պտղալից: Իսկ մարդը երեսնամյա հասակով ստեղծվեց, թեպետ դեռևս մեկ օրական էր: Լուսինը տասնչորս օրական էր նաև հրեաների զատկի և Տիրոջ չարչարանքների օրը: Երրորդ պայմանն է, որ Զատիկը կիրակի օրը լինի, քանի որ արարչության սկիզբը կիրակի օրն է: Այնուհետև այս օրը եղավ Օրենքի տվչությունը, և Տերը կիրակի օրը հարություն առավ: Այս պայմաններից ելնելով` Զատիկը տոնվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում` լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը: Քանի որ Զատիկը շարժվում է երեսունհինգ օրերի միջև (մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը), այդ պատճառով նրանից կախված տոներն էլ են շարժվում, որի պատճառով տեղաշարժվող և անշարժ տոների միջև եղած ժամանակահատվածները, որոնք կոչվում են «միջոց ուտիք»-ներ, կարճանում են կամ երկարում: Այսպես` Ծնունդից մինչև Առաջավորաց բարեկենդան եղած ժամանակահատվածը` միջոց ուտիքը, տատանվում է 6ից մինչև 41 օր, Վարդավառից մինչև Վերափոխում` 2-ից մինչև 7 շաբաթ, Վերափոխումից մինչև Խաչվերաց` 4-ից 5 շաբաթ, Վարագա Խաչից մինչև Հիսնակաց բարեկենդան` 7-ից 8 շաբաթ, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնից մինչև Սուրբ Ծնունդ` 12 -ից 18 օր: Սրբոց տոները մեծամասամբ խմբերով են կարգված և հիմնականում շարժական են: Այս խմբերը խիստ որոշակի հերթականությամբ հաջորդում են կամ նախորդում տերունի տոներին և վերջիններիս տեղափոխմանը զուգընթաց` իրենք էլ են տեղափոխվում: Տոնական խումբը իրենից ներկայացնում է մեկ օրացուցային շաբաթ, որի տոներն են այդ շաբաթվա չորս օրվա` երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, սրբոց տոները, որոնք իրենց խմբում անշարժ են: Սակայն այս խմբերից մի քանիսը, որոնք միջոց ուտիքների վերջին մասում են բաշխված, տվյալ տարում իրենց միջոց ուտիքի փոքրանալու պատճառով տեղափոխվում են մեկ այլ միջոց ուտիք, որն այդ տարի մեծանում է, և այդտեղ տոնվում, այսինքն` տվյալ խումբն այդ տարի հաջորդում է մեկ այլ տերունի տոնի: Այսպիսով` սրբոց տոների մի մասը տեղափոխվում է և’ Ծննդյան տոնի նկատմամբ, և’ Զատկի: Այդ խմբերն են` Աստվածայայտնության տոնին հաջորդող «ապայից» կոչվող տոները, Վարդավառի վերջին երկու շաբաթվա տոները և Վերափոխման չորրորդ շաբաթվա տոները: Սրբոց տոներից անշարժ են միայն Ավագ տոները, քանի որ սրանք կարգվել են որպես Աստվածայայտնության տոնի նախատոնակ: