Տեղերի վանք


Արագածոտնի թեմում, Արագած լեռան հարավային լանջին, խոր կիրճի  եզրին գտնվող այս հրաշակերտը  Տեղերի վանքն է: Շատերին հայտնի է Դղեր անունով: Ասում են, այդպես է անվանվել, որովհետև հնում հռչակված է եղել շրջակայքում աճող դեղաբույսերով: Սակայն կա ավելի հավաստի վարկած,  ըստ որի  իշխանուհի Մամախաթունը, երկար փնտրելուց հետո է գտնում այն տեղը, որտեղ որոշել էր կառուցել լուսահոգի ամուսնու` Վաչե Վաչուտյան իշխանի հիշատակին նվիրված եկեղեցին: Նա փնտրում էր այնպիսի տեղ, որտեղից կերևային ամուսնու իշխանության տակ գտնվող  բոլոր 4 գավառները` Արագածոտնը, Բջնին, Արարատն ու Արմավիրը: Վաչուտյանի գերեզմանի վրա էլ կառուցվում է վանքը: Ամբողջ ծախսը հոգում է Մամախաթունը:

Պատմում են, որ վաղամեռիկ դստեր հիշատակին Մամախաթունը Սուրբ Աստվածածնի անունը կրող յոթ եկեղեցի է կառուցել  Արագածոտնի տարածքում: Առհասարակ, թեմի ամենանշանավոր վանքերն ու եկեղեցիները Վաչուտյաներն են հիմնել: Տեղերի վանքի շինարարությունը սկսվել է 1213-ին և տևել  է 11 տարի:  Ըստ արձանագրության, ճարտարապետը Աղբայրիկ վարդպետն է: Եկեղեցու գավթում թաղված են շատ կրոնական ու մշակութային գործիչներ: Ենթադրվում է, որ այստեղ է նաև իշխանուհու տապանաքարը: 1700-ական թվականներին` Տեղերի վանքի պարսպի  վերականգնման աշխատանքների ժամանակ,  շրջակայքը նկարագրվում է երեք կողմից պարսպապատ:  Իսկ չորրորդ կողմը  անթափանց անտառներով ծածկված խոր անդունդ է,-գրում է Հարություն Արարատյանը:   Վանքը 1949թ. Բյուրականի երկրաշարժից լրջորեն վնասվել է:  1950-53թթ. նորոգվել է,  գմբեթների թմբուկներն են վերաշարվել, տեղադրվել են  ծածկասալեր: Եվս մեկ նորոգում տեղի է ունեցել արդեն ավելի ուշ՝  1975 թվականին, հիմնովին վերականգնվել է ծածկը, վերաշարվել են վեղարները:

Այստեղ  հոգևոր-մշակութային մեծ գործունեություն է ծավալվել 13-րդ դարում` Մամախաթունի հովանավորությամբ: Տեղերի վանքն ունեցել է շատ   նշանավոր միաբաններ, իշխանուհին այստեղ նույնիսկ Մատենադարան է հիմնել: Այդ ժամանակ վանքին մեծ նվիրատվություններ են արել անհատները: Տեղերի վանքի շրջակայքն ու հուշարձանները դեռևս ուսումնասիրության կարոտ են: Դա կամբողջացնի հայ միջնադարյան պատմությունը: Սակայն նախևառաջ հարկ է  հոգալ վանքի պահպանության հարցերը, ինչն այսօր համատեղ ջանքերով փորձում են անել վանքի բարերարները:

Սուրբ Աստվածածինը ժողովրդին հայտնի է իր հրաշքներով: Երկար տարիներ ամուսնացած և անզավակ զույգերը գալիս են Տեղերի վանք ու հետո երեխաներ ունենում:

Տեսանյութերը` տեսադարանում