Սբ. Սաղմոսավանք


Աննկարագրելի հրապուրիչ է այս վայրը: Տարվա տաք եղանակին մարդիկ ընտանիքներով, ընկերներով, Պատարագից հետո խմբվում են, զրուցում, ճաշում ու հանգստանում: Այստեղ կարող ես պարզապես նստել կանաչ խոտին ու ականջ դնել բնության ձայնին: Հնարավոր է երևակայությունդ լարես ու դարերի միջից լսես այստեղ հնչած սաղմոսները, կենդանացնելով կերպարը Սուրբ Գրիգոր Լուսավորչի, որ Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանքի կիրճի իր ճգնարանը ոտքով գնալիս, հենց այս վայրերով էր անցնում: Նրա աղոթքն այստեղ թևեր է առել ու պահպանիչ դարձել մեր ժողովրդի համար:Աշխարհում միակ հայկական վանքն է սա, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների պատվին Սաղմոսավանք է կոչվել:

Սուրբ Սաղմոսավանքը 800 տարեկան է:Արագածոտնի գավառի Վաչե Վաչուտյան իշխանը այս վայրն այցելելուց հետո գաղափար է ունեցել Լուսավորչի և Սաղմոսաց ժայռափոր անապատների մոտ եկեղեցի կառուցելու: Գլխավոր եկեղեցին նա և կինը 1215թվականին են կառուցել, իսկ նրանց որդին 1235-ին ավարտել է համալիրի շինարարությունը` ավելացնելով այստեղ ևս մեկ եկեղեցի և գրատուն: Գրատունը հարուստ մատենադարան է ունեցել, 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է 120 ձեռագիր: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հայկական ութ ամենանշանավոր մենաստանների շարքում է դասել Սաղմոսավանքը: Վանքի շուրջը գյուղ հիմնադրել են շատ ուշ 1830թվականին, Կարսից գաղթած հայերը: Մեր եկեղեցու ամենահռչակավոր վարդապետներն են գործել այստեղ, փառավոր անցյալ ունի վանքը, սակայն հայտնի է, որ 18-րդ դարի երկրորդ կեսից նրա նշանակությունը նվազել է: Կիսավեր վանքում 1890թ-ին նորոգումներ է արել Խրիմյան Հայրիկը: Քրիստոնեության 1700ամյակի առիթով վերջին նորոգումները եղել են 2001թ-ին:

Պաշտոնական տվյալներով Հայաստան մտնող զբոսաշրջիկների 90 տոկոսն անպայման այցելում է Սաղմոսավանք:

Ինչպես մեր շատ զորավոր վանքեր Սաղմոսավանքն էլ խնդրակատար է: Տարիներով զավակ չունեցող շատ ընտանիքներ ուխտի են գալիս այստեղ, իսկ հետո արդեն եկեղեցի են գալիս մկրտելու իրենց զավակներին: Տեսանյութերը` տեսադարանում: