Սբ. Մարիանե եկեղեցի (Աշտարակ)


Սուրբ Մարիանե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում և կառուցվել է 1281թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838թվականին։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։