Կարմրավոր եկեղեցի (Աշտարակ)


Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները։ Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5,9 x 7,4 մետր։

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրն ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։

Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունն ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանն արժանի երկու հնություններ։ Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-1799 թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873 թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորն արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրն ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին:

Եկեղեցու դուռը փայտից է զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով և պատրաստվել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանի կողմից 1983 թ.:

Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը։

Անվան ծագումը կապված է հետևյալ ավանդության հետ․  Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսն այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։