Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ Սեպտեմբերի 24, 2018 թ.


FB_IMG_1537970020727

Հարգելի նախագահ Վայս,
Հարգելի վարչապետ Փաշինյան,
Քույրեր և եղբայրներ,

Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։

Այս հիանալի ցուցադրությունը մշակույթի համընդհանուր լեզվով ներկայացնելու է, թե ովքեր ենք մենք` հայերս, և որտեղից ենք գալիս։ Այն նշանավորում է 14 դարերի ընթացքում մեր ազգի մշակութային ձեռքբերումները, հոգևոր արժեքները և առաջիկա չորս ամիսների ընթացքում բազմաթիվ այցելուների պատմելու է առ Աստված մեր ժողովրդի հավատքի, մեր քրիստոնեական յուրահատուկ ինքնության և հնագույն պատմության մասին։

Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները և քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձևավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ինչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը և ինչն է առավել շատ կարևորել ու փայփայել:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը ապրել է միջազգային առնչությունների խաչուղիներում և Մետաքսի ճանապարհի երկայնքով մասնակցություն ունեցել առևտրային լայն փոխհարաբերություններում, ինչն էլ խորացրել ու եզակի բազմազանություն է ստեղծել քրիստոնեությամբ ներշաղախված մեր մշակութային կյանքում` հարստացնելով մեր ինքնությունը և միաժամանակ պահպանելով մեր իրական ազգային առանձնահատկությունները։

Մեր պատմության ընթացքում ճաշակել ենք մեր աշխարհագրական դիրքի առավելություններն ու փորձությունները։ Ստեղծել ենք սքանչելի գեղեցկություն ունեցող նկարազարդ Ավետարաններ ու մատյաններ, փորագրել ենք եզակի հմայք ունեցող խաչքարեր և աստվածաշնչյան մեր երկրի ողջ տարածքում կառուցել ենք քրիստոնեական տաճարներ ու վանքեր 4-րդ դարից ի վեր։ Մեր հարևան տերությունների կողմից արյունալի ներխուժումների ժամանակներում էլ ստիպված ենք եղել զենք վերցնել և առ Աստված ապավինությամբ պաշտպանել մեր կյանքն ու ինքնությունը մեզ ոչնչացնել ցանկացողներից։ Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին։

Այս բոլոր ցուցանմուշները, որ հպարտորեն ներկայացնում ենք, վեր են հանում այն, ինչը մենք փայփայում ենք և ինչը պատմում է մեր ճակատագրի մասին։ Այս ամենը նաև բացարձակ հստակությամբ ներկայացնում է, թե ինչ ենք ստեղծել մենք` հայերս, համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։

Այս ցուցադրությունը թեպետ սահմանափակվում է 4-18-րդ դարերով, այն նաև ժամանակակից Հայաստանի մասին է, քանի որ հնարավորություն է ընձեռելու այցելուներին ծանոթանալ և սովորել մեր ժողովրդի մասին` աշխարհի քարտեզի վրա մտովի սավառնելով մեր Հանրապետությունում և պատմական հայրենիքում։

Սիրելի ներկաներ,

Այս օրհնյալ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ոչ միայն հայկական և այլ աշխարհասփյուռ հաստատությունների կողմից ներկայացված ցուցանմուշների, ինչպես նաև մեր բարերարների առատաձեռնությամբ, որոնց բերում ենք Մեր գնահատանքը, բայց նաև, կարևոր է նշել, սնուցվել է դոկտ. Հելեն Էվանսի անսահման սիրով և հոգատարությամբ։

Տարիներ առաջ ծնված այս գաղափարը գաղափար էլ կմնար, եթե չլիներ աշխարհին մեր արվեստը և ինքնությունը ցուցադրելու դոկտ. Էվանսի` տարիների նվիրումով ու ավյունով կուտակված ջանասիրությունը։

Հիրավի, արվեստի միջոցով մենք կարող ենք դառնում առնչվելու այս աշխարհում Աստուծո արարչական առաքելությանը: Այս համոզումն է, որ մխիթարություն և խթանող ուժ է հանդիսացել մեր նախնյաց համար Հայոց աշխարհում, ովքեր արարել և դարերի խորքից մեզ են ավանդել արվեստի այս հիասքանչ մասունքները: Մենք գոհություն ենք հայտնում Ամենակալ Աստծուն, որ մեզանում ապրում են արվեստի ճշմարիտ ջահակիրներ, ինչպիսիք են տիկին Էվանսը, Մետրոպոլիտան թանգարանի ողջ անձնակազմը` առաջնորդությամբ պարոն Վայսի և այն բոլորն, ովքեր ներգրավված են եղել այս սքանչելի նախաձեռնության կյանքի կոչմանը:

Այսու` մեր բարեպաշտ ժողովրդի մեծ սերն ու երախտագիտությունը հայտնելով՝ ցանկանում ենք հայ ժողովրդի իսկական բարեկամ Դոկտ. Հելեն Էվանսին շնորհել Հայոց Եկեղեցու պատվո բարձր պարգևը՝ «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

Թող Աստված օրհնի ամենքին. Հայաստանի Հանրապետության քաջազնիվ բարեկամներին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բոլոր զավակներին: