Մոմավառություն


default

​Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը եւ անհնազանդությունը վերացան, ու երկրում աստվածապաշտության լույսը հաստատվեց, եւ ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջեւ: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի եւ ձգվում է մինչեւ դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավադությունը գալիս է դեռեւս Հին Ուխտի ժամանակներից:
​Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21):
​Սուրբ Գիրքն ասում է նաեւ. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ. Է 49):
​Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական եւ ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում:
​Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել, և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը, ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը:
​Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա եւ վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում՝ շինութան տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում, եկեղեցու ներսը լուսավորելու եւ կատարվող արարողություններին շքեղություն ու տոնակատարություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց, որպես ծեսի կարևոր բաղադրիչ մաս:
​Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը եւ Հին Ուխտում, եւ Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:

Մոմի և մոմավառության խորհուրդները՝
ըստ Սուրբ Գրքի եւ Եկեղեցու հայրերի

​Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին, ապա՝ քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետեւից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» [Հովհ. Ը 7]:
«Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանգ առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»[Մատթ. Ե 14-16]:
​Հիսուսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ եւ գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ՝ լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով, վառվող մեկ մոմը Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր՝ քրիստոնյաներին, եւ այդ մոմերի հուրը չհանգավ, այլ «վառվելով» տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը եւ դրանց կատարումը:
​Ինչպես մոմն է մեռած եւ խավարն առանց հրի, նույնպես «Հավատքն առանց գործերի մեռած է»[Հակ. Բ 26]:
​Ինչպես մոմն ու հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես էլ հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են: Նա, ով ունենա հավատք, եւ Աստծո սիրո համար բարի գործ անի, նա է արժանի Աստծո արքայության եւ մեղքերի թողության: Վառվող մոմը խորհրդանշում է մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Այն նաեւ մեր անձի փրկության խորհրդանիշն է, որովհետեւ մոմն ինքնին հուր է, մոմանյութ եւ պատրույգ, նույնպես եւ մեզ երեք բան է հարկավոր փրկության համար, նախ՝ ճշմարիտ հավատք, որ խորհրդանշում է մոմանյութը, երկրորդ՝ բարի գործեր, որ խորհրդանշում է հուրը, երրորդ՝ ճշմարիտ եւ սուրբ նպատակ, որ խորհրդանշում է պատրույգը, եւ այն, որ ամեն բարի գործ Աստծո սիրո համար ենք անում, և ոչ թե՝ ի ցույց մարդկանց: Եւ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ կենդանի հավատը մեռած հավատից, որովհետեւ վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից՝ դառը ծուխ: Այդպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս՝ լուսավորելով մարդկանց ճանապարհը: Ինչպես մոմի նյութը եւ յուղը միշտ վառ են պահում լույսը, այնպես էլ առաքինության գործերն օգնում եւ միշտ վառ են պահում աղոթքների լույսը, իսկ անիրավության և մեղքերի գործերը միշտ մարմնին հակառակ են, և հանգեցնում են աղոթքների լույսը: Եւ ամենից գլխավորը, մոմը նշանակն է մեր երկյուղած սիրո առ Աստված և իր սրբերը: Մոմը, որ վառում ենք, խորհրդանշում է այն մեծագույն եւ կատարյալ զոհաբերությունը, որ մարդը պետք է մատուցի իր Արարչին: Այսինքն, Աստծուն պետք է նվիրաբերի սեփական անձը՝ իր ինքնիշխան կամքը հոժարակամ ստորադասելով ու ենթարկելով Աստծո կամքին: Եկեղեցին իր բոլոր պաշտամունքները կատարում է խնկարկումով եւ մոմավառությամբ: Բերենք մի քանի օրինակ: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայի կամ Ավետարան ընթերցող սարկավագի երկու կողմում կանգնում են երկու մոմակիր, նրանք խորհրդանշում են Հիսուսի Հարությունն ավետող երկու լուսավոր հրեշտակներին, «որոնք նստել էին, մեկը՝ սնարին, եւ մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն է եղել» [Հովհ. Ի 12]:
​Սուրբ Ծննդյան և Զատկական Ճրագալույցներին, Տյառնընդառաջի երեկոյան հավատացյալներն իրենց ձեռքում մոմ են ունենում, որի խորհուրդները հետեւյալն են: Ճրագալույցի գիշերային ժամի տոնը բազում վառվող լույսերով և մոմերով են կատարում, որովհետև այս տոնի Տերը Քրիստոսն է ՝ երկնավոր լույսը, և հարկ է լույսով կատարել Լույսի տոնը: Մոմի լույսը խորհրդանշում է այն աստղը, որն առաջնորդեց մոգերին և կանգնեց այնտեղ, ուր Մանուկն էր: Այդ պատճառով էլ, այս օրը՝ երեկոյան, վառվող մոմերով ենք եկեղեցի մտնում: Տյառնընդառաջին մեր ձեռքին մոմ ենք ունենում, որովհետեւ ինչպես սուրբ Կույսը, Հովսեփը, Աննա մարգարեուհին և Սիմեոն ծերունին իրենց ձեռքում Քրիստոսին ունեին, այնպես էլ մենք՝ մոմ: Քանի որ մոմն ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, բայց եւ մի մոմ է, այնպես էլ Քրիստոս՝ երեք իրողություն: Աստվածությունը՝ իբրեւ հուր, անապական մարմինը՝ որպես հստակ մոմ, բանական հոգին՝ որպես պատրույգ, որոնցով լուսավորվեցին բոլոր արարածները: Ծերունի Սիմեոնն ասում է. «Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար»[Ղուկ.Բ 25-3]:
​Ուշագրավ է, որ ժամանակին մեր Եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, որը կատարվել է Տյառնընդառաջին եւ Զատկական Ճրագալույցի երեկոյան: Ավագ շաբաթվա Ավագ Երեքշաբթի օրը մեր ձեռքերի վառվող մոմը խորհրդանշում է տասը կույսերին [Մատթ. ԻԵ 1-13]: Կույսերն օրինակ են քրիստոնյաների: Նրանցից հինգը իմաստուն են, հինգը՝ հիմար: Իմաստուն են նրանք, ովքեր այս աշխարհում հարատևում են հավատի գործերի մեջ, այսինքն՝ աղոթքով, պահքով եւ ողորմությամբ, և սպասում են Հիսուսի երկրորդ Գալստյան: Ինչպես Ավետարանում է գրված. «Կեսգիշերին ձայն լսվեց, ահա փեսան գալիս է», հիմար կույսերը, ովքեր իրենց լապտերները հանգեցրել էին (այսինքն՝ չունեին հավատի գործեր), պիտի մնային խավարում, իսկ իմաստուն կույսերը, ովքեր իրենց լապտերները վառ էին պահել, փեսայի հետ պիտի մտնեին Լույսի սրահը՝ Երկնքի Արքայություն:
Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով՝ հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերն առ Աստված: Նա խնդրում է, որ ինչպես այս մոմը՝ փոքրիկ լույսը, հալածեց տաճարի ներսի խավարը, այնպես էլ Լույս Քրիստոս հալածի հավատացյալների մեղքերի խավարը: Եւ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը եւ մոմավառությունն ունեն ներքին իմաստ եւ խորհրդաբար հիշեցնում են աստվածապաշտական ու փրկագործական կենսապարգև իրողություններ:

Տ. Հայկ քահանա Սահակյան
Թալին քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ