Մի՛ վախեցիր, միայն հավատա՛


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ Ամեն

«Մի՛ երկնչիր, միայն հաւատա՛․․․․» Ղուկ․ 8․50

« Մի՛ վախեցիր, միայն հավատա՛․․․» Ղուկ․ 8․50

     Ter Sargis    «Եվ մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից և մեկն եկավ և Հայրոսին ասաց․ «Աղջիկդ մեռավ, հոգնություն մի՛ պատճառիր դրան»։ Իսկ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց․ «Մի՛ վախեցիր, միայն հավատա ՛և նա կապրի»։ Եվ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհննեսից և երեխայի հորից ու մորից։ Ամենքը լալիս և ողբում էին նրա վրա։ Եվ նա ասաց․ « Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։ Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած էր։ Եվ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց․ «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ով մանուկ»։ Եվ նրա հոգին վերադարձավ, և մանուկն իսկույն կանգնեց։ Եվ Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ Եվ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր» Ղուկ․ 8․49-56

Քրիստոս բազմաթիվ հրաշքներ գործեց, որոնցից յուրաքանչյուրը անցյալի իրողություն լինելով հանդերձ մեզ բացահայտում է Աստծո կամքն ու պատգամը ներկայի մեջ։ Ամեն օր մեր կյանքում տեղի է ունենում հրաշք, որը գուցե չենք տեսնում, սակայն Աստծո զորությամբ ապրում ենք, զղջում, հույս ունենում, դարձի գալիս։ Որքան էլ թվարկածներս մեզ համար սովորական իրողություններ են, սակայն իրականում հրաշքներ են՝ նման բժշկության այս հրաշքին։ Որքան օրինակներ կան մեր կյանքում, որ մարդը հոգևոր առումով հասնում է ծայրահեղ թշվառ և անկյալ վիճակի, երբ ոչ մի խրատ, պատգամ, աղոթք, սիրո դրսևորում ի վիճակի չեն նրան կյանքի վերադարձնելու։ Եվ Հայրոսի մեռած աղջկան հրաժեշտ տալու եկած մարդկանց նման մենք էլ Տիրոջն ասում ենք․ « Դու ոչինչ  չես կարող անել, ինչու՞ ես եկել, այս մարդն արդեն մեռած է»։ Մենք մոռանում ենք Հայրոսի աղջկա հրաշքը, Ղազարոսի հարության հրաշքը, և առավել ևս մոռանում ենք, թե ինչպես է Տերը մեր կյանքի ամբողջ ընթացքում մեզ կենդանության վերադարձնում մեղքի և հոգևոր անկման խավարից, այն իրողությունից, երբ թվում է, թե մեր մեջ կենդանության շունչ չի մնացել։ Եվ այս հրաշքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես Հիսուս գնում է սգո այս տունը, որտեղ աղջկա սգացող ծնողներն են և կարեկից բարեկամները։ Հիսուսին ասում են, թե ինչու՞ ես եկել, աղջիկը մեռած է։ Հիսուսն իր հետ վերցնում է երեք աշակերտների, ովքեր ըստ եկեղեցու հայրերի խորհրդաբար ներկայացնում են հավատքը՝ ի դեմս Պետրոսի, սերը՝ ի դեմս Հովհաննեսի և համբերությունը՝ ի դեմս Հակոբոսի։ Հիսուս իր հետ վերցնում է նաև աղջկա ծնողներին, ովքեր անկեղծորեն սգում էին։ Եվ ահա․ սիրո, հավատքի, համբերության և իրական  կարիքի արդյունքում Հիսուս կենդանացնում է աղջկան։ Այս օրինակը կարող է անդրադառնալ նաև մեր հոգևոր կյանքին։ Սակայն ի՞նչ ենք անում մենք։ Հաճախ դժվարությունների և անհուսության մեջ «իրատես» ձևանալով հարցնում ենք․ «Ի՞նչ կարող է անել Աստված»։ Հետաքրքիր հարց    է, որը սակայն պատասխանի կարիք չունի, այլ՝ անկեղծորեն քննելու և հասկանալու․ մի՞թե Աստված մեր մեջ, մեր կյանքում ոչինչ չի՞ փոխել, մեր հանցանքները չի՞ մաքրել, մեր կյանքի մահվան խավարը չի՞ ցրել։

Մտածելով այս մասին, չենք կարող չանդրադառնալ, որ մեր կողքին կան բազմաթիվ մարդիկ, մեզանից սկսած, ովքեր կարիք ունեն հոգեպես վերածնվելու, նոր մարդ դառնալու, բայց մենք այս մարդկանց  դեպի Քրիստոս առաջնորդելու փոխարեն , հակառակն ենք անում՝ հուսահատեցնում ենք ասելով, թե ոչինչ այլևս հնարավոր չէ անել։ Սա վկայում է, որ մենք արդեն սպառել ենք մեր հավատքը։

Հավատք ասելով նկատի չունենք պարզ գիտակցումը, որ Աստված կա, գոյություն ունի։ Հավատքն ավելին է, քան Աստծո գոյության ընդունումը։ Քրիստոս Հայրոսին հուսահատության մեջ տեսնելով ասաց․ « Մի՛ վախեցիր, միայն հավատա՛»։ Ոչ մի կրոն նման տեսություն չունի, թե հավատքը Աստծո գույության փաստն ընդունելն է։ Օրինակ՝ մուսուլմանների համար կարևոր է ոչ թե այն, որ Աստված կա, այլ՝ հավատարմությունը Աստծո նկատմամբ։ Բուդդայականները կարևորում են ոչ թե այն, որ Բուդդան գոյություն ունի, այլ այն՝ ինչ գիտեն նրա մասին։ Քրիստոնյայի պարագային, դատելով այսօրվա հատվածից, կարևոր է ոչ թե այն, որ Քրիստոս ներկա է,  այլ վստահությունը և հավատքը, որ Քրիստոս կարող է անել այն ինչն անհնար է մարդու համար։ Խոսքը Աստծո ողորմության, Աստծո շնորհի մասին։ Սա այն է ինչի վրա մարդը, քրիստոնյան կարող է հենվել։ Ոչ թե սեփական դատողությունները, կամ կառողությունները, այլ՝ Աստծո շնորհն է մարդու ամուր հենարանը։ Հավատքը մեր արձագանքն է աստվածային այդ շնորհին։

Հետևաբար, հավատքը ենթադրում է կամքի դրսևորում՝ հանդեպ մեզ շրջապատող իրողությունները, թե ինչն է իրականում կարևոր և ինչը՝ ոչ։ Կամքի դրսևորման արդյունքում իրերն ու իրողությունները կարող են համապատասխանաբար արժևորվել։ Եվ արդյունքում մարդը թույլ է տալիս, որ իր կողմից կարևորած արժեքները ազդեն իր ընթացքին։

Հաջորդ դրսևորումը հավատքի մեջ վստահությունն է։ Մեր զգացումները, գիտելիքները կարող են փոփոխական լինել։ Իսկ մարդը կարիք ունի մի բանի, որին կկարողանա վստահել, որն անփոփոխ է։ Ինչի՞ն ենք  վստահում մենք՝ քրիստոնյաներս՝ կյանքի՞ն, թե՞ մահվանը, սիրու՞ն, թե՞ հուսահատությանը։

Հավատքի մյուս դրսևորունը հավատարմությունն է, հավատարմություն՝ անկախ ամեն ինչից։ Մարդու կյանքը կարող է փոփոխական զգացումներուվ և իրողություններով կազմված լինի։ Մենք կարիք ունենք այդ փոփոխականությունը հաղթահարել, ոչ թե այս կամ այն փոփոխական զգացումը միայն։

Իրականում չարը այստեղ է, որ գայթակղեցնում է մեզ՝ նույն բանը առաջարկելով կամ աջ, կամ էլ ձախ ձեռքով։ Մեզ թվում է, որ եթե տարբեր կողմերից է տրվում, ապա կարող ենք ընտրություն անել։ Օրինակ՝ երբ խնդիր է դրվում մեր առաջ եկեղեցի գնալու, արդյո՞ք պետք է, ես դրա կարիքն ունե՞մ։ Այս դեպքում երկու մոտեցում կա։ Մարդկանցից լսում ենք , որ քահանաները վատն են, նրանց պետք չէ հավատալ, դրամ են ուզում և այլն։  Եթե մարդը այս գայթակղությունը հաղթահարում է, ապա դրան հետևում է մեկ ուրիշը․ «բայց չէ՞ որ այնտեղ սրբերն են, իսկ դու՞, այնտեղ ի՞նչ պիտի անես քո մեղքերով, քեզ արդյոք կընդունեն»։ Հավատարմությունն ուղղված է ոչ թե մեր անձին, այլ՝ Աստծուն։ Այո, արժանի չենք, քահանաներն էլ իդեալական չեն, սակայն Աստված է, Ով անփոփոխ է, որին կարող եմ հավատարիմ մնալ։ Հավատքի ճանապարհը միայն Աստծո գոյությունն ընդունելը չէ, այլ կամք, վստահություն և հավատարմություն դրսևորելով մեր կյանքը փոխելն է, խավարից դեպի լույս գալն է, մահվան վախը հաղթահարելով կյանքին նայելն է։ «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛»-պատվիրում է քեզ Քրիստոս։ Այս ճանապարհին Աստված մեզ ցույց է տալիս կյանքի երանությունը և ապա թողնում մենակ և ասում․ «Ի՛նքդ  քայլիր, մի՛ վախեցիր, միայն հավատա՛»։ Ինչպես երեխան, երբ սկսում է քայլել, ծնողները սկզբում բռնում են նրա ձեռքը, առաջին քայլերն անելուց հետո թողնում են, որ ինքնուրույն քայլի՝ առանց զրկելու ծնողական հոգածությունից և ուշադրությունից։ Այս ճանապարհին կարևոր է հավատքը, որը պահանջում է մեզանից Քրիստոս և որը կամքի, վստահության և հավատարմության արտահայտությունն է առ  ամենակարողն Աստված, որին միայն վայելում է փառքն ու իշխանությունը․ Ամեն։

                                        Ապարանի  հովվություն

                                        Տ. Սարգիս  քհն.  Սարգսյան