Մասնակի կառուցապատվեց և բարեկարգվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի տարածքը


Մասնակի կառուցապատվեց և բարեկարգվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի տարածքը՝ ի մասնավորի հիմնական ճանապարհը՝ բազալտե պարսպով և տուֆե աստիճաններով։ Ռուսաստաբնակ բարերար Տիգրան Սուքիասյանի մանկության հուշերում դեռևս ձևավորված նպատակն էր սրբազան վանքի ճանապարհը կառուցելն ու բարեկարգելը։ Եւ իր ազնիվ բարերարությամբ ամբողջությամբ կառուցվեց Տեղեր գյուղի հիմնական ճանապարհը՝ հասնելով մինչև վանքին կից մենավոր ուռենուն։ Հատկանշական է, որ բարերարը ծնունդով Աղձք գյուղից է, որտեղից էին նաև վերականգնողական աշխատանքներին մասնակցող շինարարները։ Եկեղեցու առաջնամասը տուֆե սալիկներով բարեկարգվեց բազալտե պատերի ամրակայմամաբ՝ հայր և որդի՝ Հովհաննես և Արսեն Փիլոյանների նվիրատվությամբ։ Փիլոյան և Սեյրանյան ընտանիքները միավորվելով վանքի առջև կանգնեցրին աղբյուր և խաչքարեր, որոնց օրհնության կարգը կատարեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Եկեղեցու առջև տեղադրվեց նաև երկաթյա ճաղավանդակներով դուռ՝ Աղցեցի Կամոյի նվիրատվությամբ։ Նորով փոխարինվեց Զավեն Եղիազարյանի հիշատակին կանգնեցված ցայտաղբյուրը, որի ծախսերը հոգաց ի պատիվ պապի անվանակոչված՝ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող թոռը։ Հիշենք, որ Զավեն Եղիազարյանը 1980-ականներին զբաղեցրել է Շահումյանի Գործադիր կոմիտեի քարտուղարի պաշտոնը, հենց իր ջանքերով է կառուցվել Աղձք գյուղից Տեղեր տանող ճանապարհը, նաև Հայ էլեկտրո գործարանին պատկանող հանգստի տունը, և շատ այլ շինություններ։ Հատկանշական է նաև Տեղեր գյուղի գյուղապետ Յուրա Հովհաննիսյանի մշտական ներկայությունն ու բարերարությունը, օգտակարությունն ու հետևողականությունը, ինչի արդյունքում է գյուղը վերստին ծաղկում ապրում։ Խաչքարերի օրհնությանն ու նորակառույց ճանապարհի բացման արարողությանը ներկա էին Տեղերի վանքի հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը, հրավիրյալ հյուրեր, բազում հավատացյալներ և բարերար ընտանիքները։ Արարողություններից հետո եկեղեցու բակում Մատաղի սեղան բացվեց Սուքիասյան և Փիլոյան ընտանիքների կողմից։ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի ազնիվ ծառայությամբ և Աստվածամոր բարեխոսությամբ պետք է փորձենք վանքն ամբողջությամբ բարեկարգել և ծառայեցնել ի սեր համայն մեր հայությանն ու քրիստոնյա ժողովրդին։ Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ և հետևողական աշխատանքով, այսօրվանից արդեն Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում ամեն կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ։FB_IMG_1536326923920