Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը


FB_IMG_1543660674497 FB_IMG_1543660677349 FB_IMG_1543660680046 FB_IMG_1543660687159 FB_IMG_1543660689362 FB_IMG_1543660709898 FB_IMG_1543660706849

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ս. Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հին Վեհարանից Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտավորաբար ժամանած հավատացյալներին երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Սրբազան արարողության ընթացքում Տեր Հայրն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին` ի մասնավորի նշելով. «Առաքելական քարոզչությամբ Հայոց աշխարհում և հայ ժողովրդի մեջ դրվեց Աստծո արքայության թթխմորը, որը սքանչելապես խմորեց և բարձրացրեց հայոց ազգը բարոյական իդեալների գագաթը՝ դարձնելով Նոր Ուխտի ընտրյալ և հավիտենական ազգ:
Լուսավորիչ առաքյալներն իրենց կենարար ու փրկարար տեսիլքով այնպես կերտեցին հայ ժողովրդին, որ Աստծո արքայության թթխմորից առաջ եկած լուսեղեն սերունդներն իրենց վարքով, մտքի ու ձեռքի արարումներով, կենսակերպով բյուրեղացրին մեր ինքնությունը և բոլոր ժամանակների հոսանքների ու մարտահրավերների խառնարանում մնա անփոփոխելի, անխորտակելի և անհաղթահարելի:
Ահա, այդ տեսիլքն է, որ երեկ, այսօր և ցկատարած աշխարհի՝ որպես իր առաքելություն ծավալում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին. նահատակ, բայց միշտ հարուցյալ Եկեղեցին, հալածյալ, բայց ընդմիշտ հաղթական Եկեղեցին, կորցրած, բայց միշտ լիառատ Եկեղեցին: Ուստի, հայ իրականության մեջ չկա՛ և չի՛ կարող լինել այլ թթխմոր, այդ մեկն ու միակը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին է: Հայի և Հայաստանի ճշմարիտ լուսավորության, միասնության, զորության, շենության և անմահության այդ թթխմորն այլևս երբեք ոչ ոք և ոչինչ չի կարող հեռացնել, զատել իր հարազատ զանգվածից:
Այս է մեր հավատամքը, այս է մեր առաքելությունը որպես հայ հոգևոր սպասավորներ և որպես Աստծո արքայության ժառանգորդ հայ ժողովուրդ»:
Ասողիկ քահանան նաև խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին: «Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն և բարօրություն է պարգևում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թևավորյալ ու սիրով լիացյալ անձերին: Հիրավի, այդ դեպքում հրաշք է լինում և գոհացում տրվում հոգու և մարմնի բոլոր կարիքներին:
Բայց միևնույն ժամանակ Սուրբ Գեղարդը բոցեղեն սուր է, որ խորտակում է ամենայն չարը՝ հոգեկան ու մարմնական, երևելի ու աներևույթ:
Մեր օրերում էլ ականատես եղանք այդ հրաշքին և խորտակումին. Սուրբ Գեղարդի աստվածային զորությամբ Հայոց Եկեղեցին մնաց պայծառ, անխախտ յուր կարգի ու առաքելության մեջ, իսկ մերօրյա ամբարիշտ հակառակորդները խորտակվեցին բարոյապես ու հոգեպես: Եվ այսպես է եղել անցյալում, այդպես է լինելու գալիք բոլոր ժամանակներում. երանի՜ նրանց, ովքեր կարող կլինեն այդ հասկանալու և ապրելու», – ասաց պատարագիչ քահանան:
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին։
Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: