Ձմեռ պապ


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները երեխաների համար ամենասիրված և սպասված տոներն են: Շատ երեխաներ նամակ են գրում Ձմեռ Պապին, հոգու խորքում հավատալով, որ Ձմեռ Պապը կիրականացնի իրենց ցանկությունները` կայցելի իրենց տները և կբերի իրենց այդքան երազած նվերները:

 

Երեխաները մեր վաղվա օրն են, և դժվար մանկությունը շատ խնդիրներ է ծնում ինչպես  նրանց, այնպես էլ մեզ մոտ: Այո, առողջ մանկությունը սերմն է առողջ ապագայի, ընտանիքի: Առողջ ընտանիքը` հիմքն է առողջ, ամուր պետության: Եվ, ուրեմն, այսօր մեր մանուկներին նվիրած ամեն մի լույսի շողը հետո ավելիով վերադարձվելու է մեզ և բոլորին, մեր հայրենիքին:

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հովանավորությամբ և «Զանգակատուն» ԲՀԿ մասնակցությամբ Աշտարակ քաղաքում 2013թ. դեկտեմբեր ամսին իրականացվեց «Ձմեռ Պապն իմ տանը» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր` Աշտարակ քաղաքի շուրջ 50 սոցիալապես անապահով ընտանիքի 100-120 երեխայի համար կազմակերպել անմոռանալի և հեքիաթային Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառում: Ծրագրի շրջանակներում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը անսպասելի այցելում էին ընտանիքներ և երեխաներին պարգևում ուրախություն, բաժանում նվերներ:

Ծրագիրն իրականացվել է կամավոր հիմունքներով, որի շրջանակներում Սուրբ Մարիանե սոցիալական կենտրոնը համագործակցել է Աշտարակի համանուն երիտասարդաց միության երիտասարդների և «Արագածոտնի երիտասարդական կենտրոն»-ի երիտասարդների հետ: Արդյունքում բազմաթիվ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին կամավորել և կատարել Ձմեռ Պապի և Ձյունանուշի դերեր: Ընդհանուր առմամբ Ծրագրում ներգրավեցին 11 կամավոր` 6-ը` Ձմեռ Պապի, 5-ը` Ձյունանուշի դերերում:

Ծրագիրը մեկնարկեց դեկտեմբերի 18-ին, իսկ արդեն դեկտեմբերի 21-ից Ձմեռ Պապն ու Ձյունանուշը սկսեցին այցելությունները ընտանիքներ: Նրանց ուղեկցում էր Կենտրոնի սոցիալական աշխատողը, որոշ ընտանիքներում նրանց միացավ նաև տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Այցելությունների մասին ընտանիքները չէին զգուշացվում: Աշտարակ քաղաքը ցնծության մեջ էր, տպավորություն էր, որ երբևէ չէին տեսել Ձմեռ Պապ և Ձյունանուշ, որոնք շրջապատված ուրախ ու երգող երիտասարդներով ավետում էին Ամանորի և Սուրբ Ծննդյան գալուստը:

Նվերներով լի պարկը Ձմեռ Պապի ուսին, խումբը շրջում էր տնից տուն ու ջերմացնում հայ մանուկների թախծոտ ու քնքուշ աչուկները, իսկ բակերում երեխաները հավաքվում էին մուտքերի առաջ և սպասում Ձմեռ Պապը դուրս գալուն, որպեսզի շփվեն նրա հետ, երգեն և զվարճանան:

Ձմեռ Պապն իր թիմով այցելեց նաև քաղաքապետարան, մարզպետարան և դպրոցներ և Ծրագրի կողմից բաժանեց Ամանորյա բացիկ-շնորհավորանքներ համայնքի կառույցներին:

Ընտանիքներում հանդիպումները սկսվում կամ ավարտվում էր տերունական «Հայր Մեր» աղոթքով: