Հավատում եմ և աղոթում


01Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնը ստեղծվել է 2014թ. ամռանը և կարճ ժամանակահատվածում ճանաչվել ու սիրվել է համայնքի կողմից: Կենտրոնը այժմ աշխատում է շուրջ 80 խոցելի ընտանիքների հետ:

Խաչատրյանների ընտանիքը նրանցից մեկն է: Ընտանիքը բաղկացած է 6 անդամից, որից 4-ը երեխաներ են, իսկ նրանցից երկուսը՝ Դավիթն ու Հասմիկն ունեն լուրջ առողջական խնդիր` բնածին մանկական ուղեղային կաթված:

Երեխաները աչքի են ընկնում ճկուն մտքով, երազանքների բազմազանությամբ, շփման մեծ ցանկությամբ և մեծ հավատքով: Դավիթն աղոթում և հավատում է, որ շուտով պետք է առողջանա, իր հասակակիցների հետ ծառայի Հայոց բանակում և պաշտպանի հայրենիքը: Նա ցանկանում է դառնալ իրավաբան, ամուսնանալ և ունենալ զավակներ: Հասմիկն ավելի լռակյաց է` առայժմ երազում է քայլել, իսկ մյուս երազանքների մասին դեռևս չի բարձրաձայնում: Երեխաները միմյանց լավագույն ընկերներն են և ամբողջ օրը միասին են անցկացնում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարականի համաձայն և Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի և Կանադայի թեմերի առաջնորդների՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և Գերաշնորհ Տեր Աբգար եպս. Հովակիմյանի համագործակցության և միասնական ջանքերի արդյունքում հնարավորություն ստեղծվեց Դավիթին և Հասմիկին բուժման նպատակով ուղղարկել Կանադայի Մոնրեալ քաղաքի մանկական հիվանդանոց:

03

02

«Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի նախաձեռնությամբ Խաչատրյանների ընտանիք պարբերաբար կատարվում են տունայցեր և տնօրհնենք: Երեխաները մեծ ոգևորությամբ են դիմավորում կենտրոնի աշխատակիցներին, նաև Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Փառեն քհն. Առաքելյանին: Երեխաները սիրով զրուցում և բարձրաձայնում իրենց հետաքրքրող հարցերը:

Սույն թվականի ապրիլի 25-ին երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Երեխաները ստացան Հայրապետական օրհնությունը, այնուհետև Նորին Սրբությունը գոհունակության և գնահատանքի խոսք փոխանցեց երկու թեմերի առաջնորդներին` հավելելով, որ աստվածահաճո կարևոր ձեռնարկ է իրականացվում, որպեսզի երկու հայորդիները կարողանան վերագտնել իրենց առողջությունը և լցվել սեփական իղձերի կենսագործմանը:

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը բժշկության աղոթք ասաց պատանիների համար և վերջիններիս տերունական խաչ ընծայելով` բարի ապաքինում ցանկացավ: Հունիս ամսին Դավիթն ու Հասմիկը կմեկնեն Կանադա, որտեղ կստանան համապատասխան երկարատև բուժում: Մենք աղոթում և հավատում ենք, որ Դավիթի ու Հասմիկի երազանքը շուտով կիրականանա, և նրանք առողջ կվերադառնան տուն, իսկ ՀԱԵ Արագածոտնի և Կանադայի թեմերի այս բարի և մարդասեր գործունեությունը կդառնա ավանդություն և կունենա իր շարունակությունը, ինչի շնորհիվ շատ ու շատ երեխաներ հնարավորություն կունենան մեկնելու բուժման և առողջ վերադառնալու իրենց հայրենիք:

IMG_8461-copyIMG_8500-copy