Կիրակնօրյա դպրոց


        1991 թվականին` երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք, հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի օրոք` 1996 թվականին:

       Կենտրոնի գործունեության անդրանիկ պտուղը մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցական համակարգի ստեղծումն էր և կրոնի ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Կենտրոնը նաև զբաղվում էր հոգևոր գրականության, «Քրիստոնյա Հայաստան» թերթի պատրաստմամբ և հրատարակությամբ, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակչության և քարոզչության բովանդակային հաղորդաշարերի պատրաստությամբ և հեռարձակմամբ:

   Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին քայլերից մեկը եղավ ուսուցիչների վերապատրաստումը` կրոն դասավանդելու համար, որին զուգահեռ բացվեցին կիրակնօրյա դպրոցներ, կազմվեցին ուսումնական ծրագրեր, տպագրվեցին Կրոնի դասագրքեր` 1-10-րդ դասարանների համար, ինչպես նաև բազմաբնույթ գրքույկներ, ուսուցողական թերթոններ և այլ օժանդակ նյութեր: 1996թ. Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի գահակալության օրոք ստեղծված Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը (ՔԴՔԿ) դարձավ հանրապետությունում գործող կիրակնօրյա դպրոցներին միմյանց կապող միակ օղակը:

    2005թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ կազմավորվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), որի գործունեության շրջանակներում ընդգրկվեց նաև կիրակնօրյա կրթության ոլորտը: Կենտրոնը Վորլդ Վիժն միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության աջակցությամբ իրականացնում է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացներ, թեմական ներկայացուցչական ժողովներ: Հընթացս մշակվել են միասնական կանոնադրություն, ուսումնական ծրագրեր, մեթոդական գրականություն, իրականացվել տարաբնույթ կրթադաստիարակչական ծրագրեր:

      Արագածոտնի թեմի` Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում գործում է 18 կիրակնօրյա դպրոցներ: Որտեղ ուսուցանում են 11 ուսուցիչներ և հաճախում են 500-550 աշակերտներ: