Կարբիի հոգևոր հովվություն


ԿԱՐԲԻԻ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԵՒՎՈՐ ՀՈՎԻՎ ՏԵՐ ՕՇԻՆ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ուշիի Սբ Սարգիս վանքը

ushi sb sargis_2

ushii sb sargis_1

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում է գտնվում Սբ. Սարգիս հնագույն վանական համալիրը, որը բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից, պարսպից, խցերից և տնտեսական շինությունների մնացորդներից:
Այս վանքի հնագույն շինությունը եղել է միանավ, թաղածածկ փոքրիկ եկեղեցի, որը համարվել է նաև մատուռ դամբարան: Ըստ ավանդության այն կառուցել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում և Պարսկաստանից Սբ. Սարգիսի նշխարները բերել և ամփոփել է այդտեղ:
Այս փոքրիկ եկեղեցին վերանորոգվել է 17- րդ դարում: Նրա արևմտյան մուտքի բարավորի վրա փորագրված է Ուշիի ամենահին վիմագիր արձանագրությունը, թվագրված է 1203թ, և հեղինակը հանդիսանում է տեղի միաբանության առաջնորդ Հովհաննեսը:
Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյան իշխանների կողմից: Այն ուղղանկյուն հատակագծով, անսյուն կենտրոնագմբեթ եկեղեցի է, որը քանդվել է 1827թ-ի երկրաշարժից:
Ուշիի Սբ Սարգիս վանական համալիրը մեծ համբավի է հասել հատկապես 13-14-րդ դարերում` Վաչուտյան իշխանների ժամանակ: Վանքը ոչ միայն եզակի է իր ճարտարապետական տեսքով, այլ նաև եղել է առաջատար ձեռագրեր ընդօրինակելու գործում: Այստեղ են ընդօրինակվել բազմաթիվ ավետարաններ, ճաշոցներ և այլ կարևոր ձեռագրեր:
1310թ. Հովհաննավանքի միաբանությունը մի ձեռագիր «Ավետարան» է նվիրել Ուշիի Սբ Սարգսին:
17-րդ դարում վանքը ավելի է հզորացել, երբ այստեղ է եկել Ոսկան Երևանցին և բացել է դպրոց, որտեղ դասավանդել են Ծերունի Տեր Պետրոսը, Տեր Կարապետը և նշանավոր այլ անձինք:
Կարևոր է նաև այն փաստը, որ Հովհաննավանքից Զաքարիա դպիրը եկել է Ուշիի Սբ. Սարգիս և այնտեղ շարունակել է գրել իր պատմագրքերը:
Այս հրաշք եկեղեցին շարունակել է իր գոյությունը մինչև 18-րդ դարի կեսը և գյուղի հետ միասին ամայացել է:
Ներկայիս բնակիչները 1918թ-ից հետո են եկել և բնակվել Ուշիում՝ մի փոքր կյանք տալով նաև եկեղեցուն:

Կարբիի Սբ Աստվածածին եկեղեցի

SONY DSC

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին, որը եռանավ բազիլիկ կառույց է:
Շինության կառուցման մասին տեղեկություններ է տալիս ականատես Զաքարիա Քանաքեռցին:
Սբ. Աստվածածին եկեղեցու արևելյան մասում, թեքությամբ դեպի եկեղեցին կանգուն է 13-րդ դարում կառուցված զանգակատունը: Ենթադրվում է, որ զանգակատան արևելյան մասում մինչև 1679թ. կանգուն է եղել հինավուրց Սբ. Աստվածածին եկեղեցին, որի ավերումից հետո պարոն Այվազը ձեռնամուխ է եղել կառուցել նորը՝ այս անգամ զանգակատունը արևմտյան մասում:
Հինավուրց եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա: Միայն ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում, երբ Զաքարյանները ազատագրել են Կարբին:
Եկեղեցու մասին առաջին անգամ հիշատակություն կա 1278թ-ին` Մկրտիչ քահանայի ընդօրինակած ձեռագրում:
Հինավուրց Սբ. Աստվածածին կառույցը հավանաբար գոյատևել է մինչև 1679թ.:
Նոր կառույցի շինարարությունը ավարտվել է 1693թ-ին, որից հետո պարոն Այվազը պարսպապատել է տարածքը: Այդ պարսպից այսօր ոչինչ չի մնացել:
Մի շարք եկեղեցիների նման Սբ Աստվածածինն էլ խորհրդային տարիներին վերածվել է հացահատիկի պահեստի: 1991թ-ին է այն վերաբացվել՝ Արմեն և Սիրանուշ Մեծատուրյանների հովանավորությամբ:

Հովհաննավանք

Հովհաննավանք

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է գտնվում Հովհաննավանքի հնագույն մենաստանը: Ըստ ավանդության Հովհաննավանքի միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի օրոք, որն այստեղ է բերել Հովհաննես Մկրտչի նշխարների մի մասը:
Միանավ եկեղեցուն կից 1216-1221թթ-ին Վաչե Ա Վաչուտյանը կառուցել է Սբ. Կաթողիկեն, որն ունի ներսից խաչաձև հատակագիծ:
Եկեղեցին արևմտյան կողմում ունի գավիթ-ժամատուն, որը կառուցվել է 1250թ-ին` Քուրդ իշխանի կողմից:
Գավիթի մեջ կան պահպանված եզակի խաչքարեր և նաև արևմտյան մուտքի ճակատակալի վրա պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը:
Վանքը եղել է կարևորագույն մենաստան, որտեղ միաբանների թիվը սկզբնական շրջանում եղել է 200-400:
Հովհաննվանքը ունեցել է դպրոց, գրադարան, առաջնորդարան, տարբեր տնտեսական շինություններ, խցեր, որոնք չեն պահպանվել:
Տեղի միաբաններից Զաքարիա Քանաքեռցին կարևոր տեղեկություններ է հաղորդում վանքում գործող վանահայրերի մասին: Ըստ այդ տվյալների վանքի երրորդ վանահայրը եղել է Ղազար Փարպեցին, ով իր պատմությունը գրել է Հովհաննավանքում: Եկեղեցում ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 20-ը գտնվում է Երևանի Մատենադարանում:
Գավիթում եղած արձանագրություններից երևում է, որ վանքին նվիրել են բազմաթիվ տարածքներ. այն եղել է նույնիսկ եպիսկոպոսական կենտրոն:
Հովհաննավանքը իր ծաղկումն է ապրել 17-րդ դարում:
Վանքը համակողմանիորեն ուսումնասիրել է Կ. Ղաֆադարյանը և գրել է «Հովհաննավանքը և նրա արձանագրությունները» գիրքը:
Տարիներ շարունակ եկեղեցին եղել է խոնարհված և միայն 2010թ.-ից է սկսել գործել:

Սաղմոսավանք

Saghmosavank_kev

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում է գտնվում Սաղմոսավանք համալիրը: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից և գրատնից:
Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1215թ-ին և անվանակոչված է Սբ Սիոն: Այն ճարտարապետական կառուցվածքով ունի ներքուստ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն հատակագիծ, ներսում կան կրկնահարկ ավանդատներ: Սբ Սիոն եկեղեցուն կից Վ. Վաչուտյանը կառուցել է գավիթ:
1255թ-ին Քուրդ իշխանը և իր կին Խորիշահը Մամախաթունի պատվին կառուցել են գրատուն, որտեղ եղել է մեծ մատենադարան:
Մենաստանի մյուս եկեղեցին անվանակոչված է Սբ Աստվածածին, որը կառուցվել է 1235թ-ին:
Սաղմոսավանքը եղել է ժամանակի հզորագույն վանական համալիրներից մեկը: Նրա ներսում թողած արձանագրություններից պարզ է դառնում, որ բազմաթիվ նվիրատվություններ են կատարել եկեղեցուն՝ գյուղեր, կալվածքներ , նույնիսկ երեխաներ:
Գավիթի արձանագրություններից մեկը փաստում է, որ Սաղմոսավանքի գմբեթի խաչը եղել է ոսկյա և այն Քուրդ իշխանի կողմից է նվիրաբերվել եկեղեցուն:
Սաղմոսավանքի մենաստանը այնքան մեծ կարևորությունէ ունեցել, որ Կիրակոս Գանձակեցին վանքը դասել է հայկական ամենանշանավոր 8 մենաստանների շարքում: Այստեղի մենաստանում են ապրել նշանավոր կրոնավորներ՝ ինչպիսիք են Հակոբ Սաղմոսավանքեցին, Մկրտիչ Եղեգեցին և շատ ուրիշներ:
18-րդ դարում արդեն վանքը անշուքանում է և կիսավեր վիճակով հասնում է մեզ:
1890թ-ին Խրիմյան Հայրիկը վերանորոգում է վանքը: Այժմ վանական համլիրը ամբողջությամբ վերանորոգված է:

Արտաշավան
Սբ. Ամենափրկիչ Եկեղեցի

արտաշավանի սբ ամենափրկիչ

Սբ. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արտաշավան գյուղից մոտ կես կմ արևելք, ձորամեջ հարթ տարածության վրա: Այն խաչաձև գմբեթավոր եկեղեցի է (VII դ.):
Արևմտյան և հարավային խաչաթևերից գրեթե ոչինչ չի պահպանվել: Ավերված են նաև գմբեթատակ քառակուսու հարավային անկյունը, թմբուկի հարավային ու հարավ արևմտյան նիստերը, գմբեթի մեկ երրորդը: Պատերի կանոնավար շարվածքը կարմրավուն սրբատաշ տուֆից է, իսկ սալահատակը` մեծադիր բազալտի քարերից: Ներսում խաչաթևերը հպվում են միմյանց հատվածքում ուղղանկյուն որմնասյուներով: Գմբեթատակ հիմքից թմբուկ անցումը իրականացվել է տրոմպային համակարգով:
Եկեղեցու հարդարանքը զուսպ է եղել: Այդ են վկայում զարդանախշերից զերծ, պարզ տրամատ ունեցող քիվերն ու երեսակալները:
Ելնելով կառույցի ճարտարապետական առանձնահատկություններից, Յու. Յարալովը շինությունը թվագրում է VII դարով: Հուշարձանի համեմատական քննությունը հատկապես փոքր գմբեթավորների հետ ցույց է տալիս, որ Արտաշավանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին ավելի սերտորեն առնչվում է VII դարի երկրորդ կեսի կառուցվածքների հետ: Դրա ապացույցներից մեկը խաչաթևերի արտաքին անկյունների լուծումն է, որը բնորոշ է հենց այդ ժամանակաշրջանում կառուցված Փարպիի, Քարաշամբի, Այլաբերի և Ծպնիի եկեղեցիներին: Սրանց մեջ Արտաշավանի կառույցը միակն է, ուր պահպանվել է հարավ-արևելյան անկյունըª մինչև գմբեթ: Այս առումով եկեղեցին առանձնակի արժեք է ստանում, քանի որ հնարավորություն է ընձեռում վերականգնելու վերը նշված կառույցների ծավալային հորինվածքների պատկերըª կախված խաչաթևերի հանդիպման արտաքին անկյունների լուծումներից. այն է` գմբեթատակ քառակուսու արտաքին կողերի լայնությունը ավելի մեծ է եղել համապատասխան խաչաթևերի լայնությունից: Արտաշավանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու քիվը չի պահպանվել, սակայն ակնհայտ է, որ Քարաշամբի կառույցում պահպանված քիվի նման, ձգվելով խաչաթևի վրայով, այն երիզել է նաև թեքադիր պատի հատվածը: Նշենք նաև, որ գմբեթատակ քառակուսու անկյան հեռավորությունը թեքադիր պատի հարթությունից հավասար է քիվի դուրս ընկած տրամատված հատվածին:

Безымянный

Արտաշավանի Սուրբ Ամենափրկիչ կեղեցի, գտնվում է գերեզմանատան մեջ ձորակի հարթավայրային մասում: