Խաչիկ Վարդանյան. «Զատիկ» նշանակում է` «մարդը զատվում է մեղքից»


1621984_677346475654741_506697461_nԽաչի՛կ, Քրիստոսի Հարության տոնն այլ կերպ անվանում են «Զատիկ»: Որտեղի՞ց է ծագել անվանումը:

Մինչ Քրիստոսի Հարությունը՝ Զատիկ բառին մենք հանդիպում ենք Հին կտակարանում: Աստված պատվիրեց Մովսեսին, որ հրեա ժողովրդին դուրս հանի Եգիպտոսի գերությունից՝ ասելով, որ զատիկ անեն: Այսինքն՝ զոհի արյամբ հրեաները իրենց դռների վրա պետք է խաչ նկարեին, որ երբ Աստված այդ գիշեր այցելեր եգիպտացիների ընտանիքների անդրանիկ զավակներին սպանելու, այդ նշանով տարբերեր հրեաների տները եւ չմտներ: Հենց այստեղից էլ առաջացավ «զատվել» բառը. հրեաները զատվեցին եգիպտացիներից:

Ընդհանրապես, «Եգիպտոս»՝ եկեղեցական տերմինաբանությամբ կամ հայրաբանության, աստվածաբանության մեջ նշանակում է մեղք. Եգիպտոսը հավասար է մեղք հասկացությանը:

Քրիստոսի հարությունը Զատիկ անվանելով՝ մենք ոչ թե հասկանում ենք զատիկ միջատին, այլ նկատի ունենք, որ մարդը զատվում է մեղքից: Պետք է մարդը թողնի իր հին կյանքը, թոթափվի հին մեղքերից եւ գա դեպի Քրիստոս՝ զատվելով աշխարհից եւ մեղքից:

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, չամիչով ու բրնձով փլավը, ձուկը, գինին: Ի՞նչ են խորհրդանշում այս կերակուրները:

Նախ պետք է նշել՝ այս կերակուրները շատ պարզ են, որոնք ցույց են տալիս, որ քրիստոնյաները երբեք չպետք է կարեւորեն իրենց սեղանների ճոխությունը, հանդերձանքը, կենցաղային պարագաները: Այդ կերակուրներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ձուն խորհրդանիշն է աշխարհի, եւ այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ: Այսինքն՝ Քրիստոսի արյունը ամբողջ աշխարհն իր մեղքերից լվաց: Մնացած գույները արգելված են:

Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգեւորականներն են, բրինձը՝ ուղղակի հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:

Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: Մենք հավատում ենք, որ երբ պատարագի ժամանակ քահանան օրհնում է հացն ու գինին, դա ճշմարտապես վերափոխվում է Քրիստոսի մարմնին ու արյանը:

Ինչ վերաբերում է ձկանը, նախեւառաջ՝ նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձեւ է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին:

Տոնի կապակցությամբ ի՞նչ արարողություններ են լինում եկեղեցում:

Ընդհանրապես՝ Հայ առաքելական եկեղեցու ծիսական գերհագեցած շաբաթը հենց այս շաբաթն է: Քրիստոսի եւ սրբերի հետ կապված բոլոր տոները ուրախալի են, սակայն ամենաբարդ տոնը քրիստոնյայի համար  Հարության տոնն է՝ ո՛չ ծնունդը, ո՛չ Քրիստոսի համբարձումը, ո՛չ պայծառակերպությունը մեզ հույս չտվեցին, որ մենք ապրելու ենք, իսկ Հարությունը մեզ ավետիս եղավ, որ հարություն կա մեզ՝ ննջեցյալներին, մեզ համար նոր կյանք է բացվում հավիտենության մեջ: Այսինքն՝ մեր մահանալուց հետո մենք ուղղակի չենք գնում, այլ Հիսուսի օրինակով բոլորս մի օր հարություն ենք առնելու:

Այսօր երեկոյան եկեղեցում մատուցվելու է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի պատարագ: Քանի որ եկեղեցում օրը փոխվում է երեկոյան ժամը 5-ին, այդ պատճառով հենց այդ ժամին մենք տոնում ենք Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Հաջորդ օրը առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, որից հետո մատուցվում է Սուրբ եւ Անմահ պատարագ:

Սուրբ Զատիկի տոնը շարժական է, այն տոնում են մարտի 22-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպե՞ս է որոշվում ստույգ օրը:

Զատիկը նշվում է գարնան գիշերահավասարի առաջին լիալուսնի մոտակա կիրակի օրը:

Աղբյուրը՝  ilur.am