Մաստարայի Սբ․ Հովհաննես Եկեղեցի


 

SAM_9212

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ V Դ.

Մաստարան գտնվում է ՀՀ Արագածոտի մարզում՝ Թալինից 8 կմ հյուսիս՝ պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում: Այստեղով է անցել արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»:SAM_9211

Տարբեր ժամանակներում Մաստարայում բնակություն են հաստատել Սասունի, Բասենի, Խնուսի, Կարսի, Խոյի և այլ շրջաններից գաղթածները։

Տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական հուշարձաները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր: Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները, գերեզմանոցից արևելք՝ գյուղի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ խաչքարն է (1223թ.), հյուսիս-արևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի եկեղեցին: Մաստարայի տարածքում կան մի քանի մատուռներ: Սակայն սրբավայրերից հատկապես նշանավոր է Մաստարայի Ս.Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը:800px-Mastara,_Surb_Hovanes_Church3

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճարտարապետական ոճը լուսաբանում է անցումային շրջանը, երբ պարզ եկեղեցական հորինվածքն իր տեղը զիջում է ավելի բարդ կառույցներին: Այս խաչաձև գմբեթավոր եկեղեցին տրոմպներին (քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև թաղի մաս կազմող կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անցնելու համար) տեղադրված հսկայական գմբեթ ունի (տրամագիծը – 11,2 մ.): Միջնադարյան ճարտարապետության կանոնների համաձայն, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից:

Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպներն այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարքի տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով՝ դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում` խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։

800px-Mastara,_Surb_Hovanes_Church2Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ՝ առավել ամբողջական, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունն աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթռիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։

Եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված միաձույլ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։

Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգման է ենթարկվել 7-րդ դարում։ Եկեղեցու նախնական շարվածքն իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0,62 մ -0,77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0,47 մ–0,60 մ)։

2Եկեղեցին վերանորոգվել է նան 10-13-րդ դարերում։ 18-րդ դարում եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարսպով, որը 1889 թվականին գյուղի քահանան քանդել է տվել , և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունն ավագ խորանի հարավային մույթի ծեփի վրա է)։

Ըստ ավանդության, այստեղ են թաղված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնք Կեսարիայից Մաստարա է բերել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից էլ գալիս է գյուղի և եկեղեցու անվանումը`«մաս» (մասունք բառից) «տարա»:

Հայտնի են եկեղեցու կառուցման հինգ արձանագրություններ, որոնցից մի քանիսում հիշատակված է, որ այն շինել է Գրիգոր վանականը VII դարում՝ Թեոդորոս Գնունյանց եպիսկոպոսի օրոք: Պատմության մեջ սույն եպիսկոպոսը հիշատակվում է որպես 645թ. Դվինում կայացած եկեղեցական ժողովի մասնակից: 800px-Mastara,_Surb_Hovanes_Church4Սակայն եկեղեցու ճարտարապետական ոճը ենթադրում է, որ այն կառուցվել է ավելի վաղ` V դարում, իսկ VII դարում` վերակառուցվել: Այդ մասին վկայում են եկեղեցու ներսում պահպանված վերակառուցման հետքերը: Տարեթվերի շփոթության պատճառը, հավանաբար, «շինել» բառի սխալ մեկնաբանումն է․ պատմական աղբյուրներում այն օգտագործվում է ինչպես «կառուցել», այնպես էլ «վերակառուցել» իմաստներով: 5-րդ դար թվագրելու համար ապացույց են հանդիսանում նաև ճարտարապետական առանձնահատկությունները՝ պատերի մեծ հաստությունը (1,30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակներն, արևմտյան ճակատի խաչքանդակը` զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են 4-5-րդ դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հունարեն արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան այլ տեսակետներ ՝ 5-6-րդ, որոշները՝ 6-7-րդ դար, իսկ ոմանք այն կարծիքին են, որ հին եկեղեցու տեղում տաճարը վերստին կառուցվել է 7-րդ դարում՝ պահպանելով հին եկեղեցու որոշ մասեր:

Եկեղեցու հատակագծային հորինվածքն սերվում է Էջմիածնի Մայր տաճարի հատակագծային ձևերից: Խաչաթևերը կազմավորում են կիսաշրջանի աբսիդները (Շենքի կամ բազիլիկայի կիսաշրջանաձև ելուստ), որոնք բացի արևելյանից, մնացած ճակատների նկատմամբ դուրս են շեշտված իրենց հնգանիստ ծավալներով: Էջմիածնի Մայր տաճարի համեմատությամբ ունի մեկ էական տարբերություն․ Մաստարայի աղոթասրահում բացակայում են գմբեթակիր չորս մույթերը: Դրա շնորհիվ, ինչպես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներում, աղոթասրահի ներսը միասնական է և ընկալվում է իր ամբողջական ծավալով: Մաստարայի տաճարը ցայտուն օրինակ է այն բանի, թե ինչպես հին Հայաստանի ճարտարապետները, չբավարարվելով ձեռք բերված նվաճումներով, շարունակ ստեղծագործական որոնումների մեջ էին կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր տարբերակներ ու ծածկի համապատասխան կառուցողական լուծումներ ստեղծելու ուղղությամբ:SAM_9043

Մաստարայատիպ են կոչվել Ոսկեպարի (VIդ.), Արթիկի՝ Մեծ (VIIդ.), Հառիճավանքի (VIIդ.) և Կարսի Առաքելոց (Xդ.) եկեղեցիները:

Տ. Հայկ քահանա Սահակայան

Տարածաշրջանի Հոգևոր Հովիվ