Գոհությամբ փառավորել Աստծուն


Գոհությամբ փառավորել Աստծուն

<<… Արժանաւորեայ գոհութեամբփառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգի այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն>>:

Ամեն Աստծու օր` ժամերգությունների ժամանակ, մենք արտասանում ենք այս խոսքերը, որոնք մեզ ստիպում են ևս մեկ անգամ անդրադարձ անել մեր հոգևոր կյանքին: Այո՛, ճիշտ է, որ հավատում ենք Աստծուն, ճիշտ է, որ քիչ թե շատ գիտենք Սբ. Երրորդության խորին խորհրդի մասին, բայց արդյո՞ք գոհութեամբ ենք փառաբանություն վերառաքում դեպի երկինք: Այլ խոսքով ասած, արդյո՞ք գոհ ենք մեր կյանքից և արդյո՞ք գոհ վիճակով ենք մտնում եկեղեցի: Ցավոք` ոչ: Ոչ, որովհետև մարդ արարածըմեծավ մասամբ Եկեղեցի է մտնում, որպեսզի իր խնդիրներին լուծում գտնի, իր ցավերն ու մտահոգությունները դնի ամենազոր Աստծո Սուրբ Խորանի առջև և փարատում գտնի, երջանկություն գտնի: Ահա այս իրողությունը քաջ գիտակցելով է, որ Եկեղեցու սուրբ Հայրերը աղոթքները եզրափակել են վերոհիշյալ խոսքերով:

Իսկ ի՞նչ է, ուրախությունը, երջանկությունը, գոհ լինելը: Այս հարցին դարեր շարունակ փորձել են պատասխանել մեծագույն մտածողներն ու եկեղեցական Հայրերը:Ֆրանսիացի նշանավոր գրող Ժան Ժակ Ռուսոն, օրինակ, երջանկությունը գտնում է մարդու` սիրելու կարողության մեջ: Նա գրում է. <<… չեմ կարծում, թե նա, ով ոչինչ չի սիրում, կարող է երջանիկ լինել>> (Ժան Ժակ Ռուսո, <<Էմիլ կամ դաստիարակության մասին>>, Առաջին մաս, Երևան 1960, էջ 346): Ռուսոյի միտքը շարունակում է մեկ այլ նշանավոր մտածող Ալբեր Քամյուն, որը նշում է. <<Մարդկանց մեջ ավելի շատ բան կա հիանալու քան արհամարհելու>> (<<Ժանտախտը>>):

Գրողներից ոմանք էլ մարդու երջանկությունը կապում են առողջ լինելու հետ, որին հասնելու լավագույն միջոցներից մեկը ներքին չարությունից ձերբազատվելն է: Այս մոտեցումն է ցուցաբերում Ճապոնացի գրող Կոբո Աբեն, որ գրում է. <<Չարությունը դուրս թափելը առողջությունը պահպանելու լավագույն միջոցն է>> (<<Ուրիշի դեմքը>>):

Մտածում էլ կա, ըստ որի հասարակական ճնշումը կարող մարդուն ապերջանիկ դարձնել: Այս միտքը առաջ է քաշում Ժան Ժակ Ռուսոն, որ նշում է. <<Մարդ հաճույք կարող է ունենալ, երբ ցանկանում է. միայն հասարակական կարծիքն է, որ ամեն ինչ դժվարացնում է և երջանկությունը վանում մեզնից. հարյուր անգամ ավելի հեշտ է իսկապես երջանիկ լինել, քան երևալ այդպիսին>> (Էմիլ, էջ 592):

Այսպիսով, աշխարհիկ մեծագույնմտածողները մարդու` կյանքից գոհ լինելն ու երջանկության զգացողությունը կապում են մարդու` իր նմանին սիրելու կարողության, առողջ լինելու, հասարակական կարծիքին տուրք չտալու, չարությունից ձերբազատվելու և այլ նմանատիպ գաղափարների հետ: Սակայն եկեղեցական Հայրերը մարդու երջանիկ լինելը կապում են մարդ-Աստված սերտ հարաբերությունների հետ:

Սուրբ Մակար Մեծը գրում է. <<Մարդը երջանիկ է, երբ հետևում է Տիրոջը, դժբախտ է, երբ հեռանում է Նրանից>> ( Սուրբ Մակար Մեծ, Խրատներ, Ս. Էջմիածին – 2007, էջ 65 ): Իսկ Սուրբ Անտոն Անապատականը նշում է. <<Ճշմարիտ ուրախությունը Աստծո պատվիրանները կատարելն է>> (  Սուրբ Անտոն Անապատական, <<Հոգևոր խրատներ>>, Ս. Էջմիածին – 2007, էջ 269 ): Հետևաբար երջանիկ լինել նշանակում է մոտենալ Աստծուն,  կատարել Նրա պատվիրանները և վստահել Ամենակալին, ինչպես որ Քրիստոս, ցույց տալով երկնքում թռչող թռչունին և դաշտում աճող շուշանին, ասում է. <<Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծու արքայությունը գա, աշխատեցե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ>> (Մատթ.6:33): Ի վերջո, մարդը կոչված է երջանիկ և ուրախ լինել, քանի որ Քրիստոսի սուրբ առաքյալ Պողոսն է ուղղակի մեզ պատվիրում. <<Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում` ուրա՛խ եղեք: Բոլորի հանդեպ ազնի՛վ եղեք: Շուտով գալիս է Տերը>>(Փիլիպ.4:4-5): Եվ այս պատվերը կատարելով է, որ կարող ենք կանգնել Աստծու առջև և ասել. <<…արժանաւորեայ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգի այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն>>:

 

 

Փառեն քհն. Առաքելյան