Արուճի հոգևոր հովվություն


Արուճի հոգևոր հովվություն
Հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քհն. Գափոյան

Բայսզի Սբ. Աստվածածին եկեղեցի

 բայզսի եկեղեցի

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա։ Գյուղը եզդիաբնակ է։ Կենտրոնգմբեթ խաչաձև Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է է 11-րդ դարում։ Եկեղեցին դարերի ընթացքում խոնարվել էր, բայց 2007թ.-ին պոլսահայ բարերար Արամ Գամփուրյանի կողմից այն վերանորոգվել է ու բերվել է իր նախկին տեսքին։ Գյուղը 2006թ.-ից վերանվանվել է ստանալով Օթևան անունը։

Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցի

 Արուճի եկղեցի

Արուճի Ս. Գրիգոր Եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը, կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662թ.-ին և ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666թ.-ին: Օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումը, Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հվ-արլ. կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության: Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում կառուցել է «իր արքունիքը»` պալատական համալիրը:
867թ.-ին, եկեղեցու ներսում` հարավ-արևելյան ավանդատան դիմաց, քերել են սվաղի մի հատվածը և փորագրել Արուճի և հարևան Կոշ գյուղի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչ, Վռամի որդի Գրիգորը: 973թ.-ին ոմն Գորամ վարպետ Դավթի ձեռքով նորոգել է Արուճի ս. Գրիգոր եկեղեցին: 987թ.-ին Սմբատ Բ Բագրատունի արքան, ըստ եկեղեցու հարավային պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել: Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու հարավային մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285թ.-ին Արուճի բնակիչներն ազատվել են բնահարկից: XIII դ. Մարգար կազմողը եկեղեցու հյուսիսային պատի արևելյան որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր: XV դ. Խաչատուր վարդապետը նորոգել է Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին: XVI–XIX դդ. եկեղեցին կիսավեր էր և լքված: 1946թ.-ին նորոգվել են եկեղեցու հարավային և արևմտյան պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը: 1947–52թթ. Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում պեղումներով (ղեկ. Վ. Հարությունյան) բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: 1958–59թթ. ամրացվել է եկեղեցու աղոթասրահի արևմտյան կողմի թաղը: 1964թ.-ին բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:
Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի (16,95 մ x 34,5 մ արտաքին չափերով), արևելքից երկու ավանդատներով, գմբեթի (այժմ` քանդված) առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է: Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում: Հատկապես տպավորիչ է Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել այժմ պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը. Իսկ Քրիստոսի պատվանդանի տակ նկարչի մակագրությունն է. «Ստեփաննոս ն[կ]ա[ր]եաց»: Վերջինս VII դ. հայտնի առաջին հայ նկարիչն է:

Կոշի եկեղեցիներ
Սբ. Ստեփանոս

կոշի սբ ստեփանոս

Կոշի Ս. Ստեփանոս եկեղեցին (VIIդ.) գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին: Կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ներսը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ Ս.Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք` XIIIդ. խաչքարերով հարուստ գերեզմանոց` դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում` միջնադարյան ինժեներական կառույց` կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Գործել է մինչև XVIII դ.: 1970-1973թթ. նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը, 2007-2008թթ. վերականգնվել է վանքի գմբեթը:

Կոշի Սբ. Գևորգ եկեղեցի 19-րդ դար և Սբ. Գրիգոր Լուսավորիչ 13-14դդ.

Կոշում գտնվում են նաև միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.) Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները

Եկեղեցի_Ս._Գրիգոր_Լուսավորիչ_01

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Կոշի_Սուրբ_Գևորգ_եկեղեցի,_2015

Սբ. Գևորգ եկեղեցի

rsz_եդեսիա

Նոր Եդեսիա Սբ. Աստվածածին Եկեղեցի` 1999թ.:

Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցի

Գյուղում է գտնվում 5-րդ դ.-ում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և 10-11-րդ դդ. կառուցված Սբ. Վառվառա մատուռները։ Ավանից 3 կմ արևելք գտնվում են մ.թ.ա. 3-1դդ.-ին հազարամյակում կառուցված «Ձյանբերդ», իսկ 500 մ հարավ՝ Ք.Ա. 1-ին հազարամյակում կառուցաված «Կզնուտ» ամրոցները։
Գյուղից հարավ են գտնվում երկաթե դարի կիկլոպյան ամրոցներ