ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ ՔԱՀԱՆԱ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ԽՈՍՎԱԾ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

 

 

«Ուրախացիր խնդությամբ դուստր Սիոնի,

ահա քեզ է գալիս քո Թագավորը հեզ և խոնարհ`

 հեծած էշի և էշի քուռակի վրա» (Զաք. 9:9):

 

 

Տ. Գարեգին  Սիրելի հավատացյալներ՝ այսօր Ծաղկազարդ է, Մեծ Պահքի հոգևոր ճանապարհորդության վերջին հանգրվանը: Օրվա սուրբգրային ընթերցումներն ինչպես քիչ առաջ լսեցինք, բովանդակում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդիսավորապես Երուսաղեմ մուտք գործելու և տաճարը մաքրելու հոգեգրավ իրադարձությունները:

  Ինչպես վկայում է Մատթեոս Ավետարանիչը` Քրիստոս երկրային քարոզության վերջին շաբաթն էր ապրում, երբ որոշում է Իր աշակերտների հետ գնալ Երուսաղեմ: Մոտեցել էր հրեական Զատիկը` ժողովրդականություն վայելող մեծագույն տոնը, որն իսրայելացիների` Եգիպտոսի գերությունից ազատվելու խորհուրդն էր բովանդակում: Ավետարանիչը մեզ հաղորդում է, որ երբ Երիքովի երկու կույրերին բժշկելուց հետո, Տեր Հիսուս մոտենում է Երուսաղեմին և գալիս Ձիթենյաց լեռ, Իր աշակերտներից երկուսին ուղարկում է, որպեսզի հանդիպակաց գյուղից Իր մոտ բերեն մի էշ և էշի քուռակ: Քրիստոս որոշել էր այդ օրը ավանակով մտնել Երուսաղեմ: Եվ բերելով էշն ու քուռակը` դրանց վրա զգեստներ են փռում և Հիսուս նստելով ավանակին` հավաքված ժողովրդի փառաբանության ուղեկցությամբ, հանդիսավոր կերպով մուտք է գործում Երուսաղեմ: Հակառակ ժողովրդի կողմից փառավոր ընդունելության` Քրիստոս Երուսաղեմ է մտնում համեստությամբ. ոչ սպառազինված բանակ ուներ, ոչ թագավորավայել բեհեզյա զգեստներ, և ոչ էլ` արքայական կառք: Ուշադրության կենտրոնում լինելով` Տեր Հիսուս բնավ էլ չէր ցանկանում ցույց տալ մեծություն և զորություն, որ սովորաբար հաղթական ընդունելությունների ժամանակ ցուցադրում են երկրիս թագավորներն ու իշխանները:

  Քրիստոսի մուտքը աննախադեպ իրարանցում է առաջ բերում քաղաքում. ժողովուրդը ձիթենու և արմավենու ճյուղեր առած` Նրան դիմավորում են «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով» բացականչություններով: Սակայն մեր Տերն Իր աստվածային կանխատեսությամբ գիտեր, որ մոտենում է Իր Երկրավոր առաքելության վախճանը և վերջին ճիգերն էր գործադրում` մարդկանց ցույց տալու համար, թե որչափ է խոնարհվել Իր դիրքից, Իր «Թագավոր Թագավորաց»-ի դիրքից, որչափ է մոտեցել անկյալ մարդկությանը օգնության ձեռք մեկնելու սրբազան ուղղուն: Եվ այդ խոնարհության մեջ ուրախ էր, մանավանդ երբ լսում է «օվսաննաներ»-ը և «օրհնյալներ»-ը:

  Հետաքրքրական է, որ Տերն Իր քարոզությունը Պաղեստինի քաղաքներում և գյուղերոմ իրականացնելու ողջ ընթացքում երբևէ փոխադրամիջոց չէր գործածել, ինչու հանկարծ այդ օրը ցանկացավ ավանակին նստած մտնել Երուսաղեմ: Մի՞թե չէր կարող մի քերովբեի պատվիրել, որ Իրեն ուղեկցեր, կամ էլ չէ՞ր կարող սպիտակ նժույգներ հեծած մտնել, ինչն ավելի պատշաճ էր հաղթող թագավորներին: Անշուշտ կարող էր, սակայն այսպես արեց, որպեսզի կատարվի Մեսիայի և մեսիական թագավորության վերաբերյալ մարգարեությունը. «Ուրախացիր խնդությամբ դուստր Սիոնի, ահա քեզ է գալիս Քո թագավորը հեզ և խոնարհ` հեծած էշի և էշի քուռակի վրա» (Զաք. 9:9):

   Սիրելի հավատացյալներ, որն էր բուն շարժառիթը ժողովրդի այս աննկարագրելի խանդավառության և ինչ արտասովոր դեպք էր պատահել, որ ժողովուրդը օվսաննաներով էր ողջունում և փառավորում Քրիստոսին: Առանց վարանելու կարող ենք ասել, որ դարերով ճնշված, զրկված և հալածված հրեա ժողովուրդը Հիսուս Քրիստոսի մեջ տեսնում էր իր սպասած Մեսիային, Ով գալիս էր Իսրայելի տառապած ժողովրդի կյանքը երանության բարիքներով օրհնելու և Դավթի թագավորությունը վերահաստատելու: Հավատում էր, որ Երուսաղեմ Նրա հաղթական մուտքով պիտի տապալվեր Հռոմեական հզոր կայսրությունը և նորից պիտի վերահաստատվեր Իսրայելի աշխարհակալությունը: Այդ սխալ ըմբռնումն էր պատճառը, որ նույն ժողովուրդը մի քանի օր անց հուսախաբությունից մոլեգնած` սկսեց նախատել, հայհոյել և անիծել Քրիստոսին, երբ տեսավ Նրան` հասարակ ավազակների հետ խաչափայտին գամված: Իսրայելի ժողովուրդը ճիշտ չըմբռնեց այս հավիտենական ճշմարտւթյունը:

  Տեր Հիսուսի վերջին անգամ Երուսաղեմ մտնելու օրը, Ձիթենյանց լեռան զառիվայրին հավաքված ժողովուրդը Նրան Մեսիա է անվանում` այս անվանը միախառնելով երկրային պատկերացումներ, այսինքն որպես ժողովուրդներ նվաճող  և հաղթող թագավոր: Այդ ժամանակ Մեսիա բառի խորքային իմաստը ժողովուրդը չէր կարող ըմբռնել, սակայն այն Արքային, որ ժողովուրդը դիմավորում էր բացականչություններով, մնացյալ հաղթող թագավորներից տարբերվում էր նրանով, որ գալիս էր Աստծո անունով:

Կարող ենք վստահաբար ասել, որ այս աշխարհի թագավորներից և արքաներից ոչ մեկը երբևէ չներկայացավ իր ժողովրդին բարոյական այն արժանիքներով, ինչպես Ծաղկազարդի օրը Հիսուս Քրիստոս ներկայացավ Իրեն աստվածացնող ամբոխին` ցույց տալով Իր օրինակելի պարզությունը և Իր խոնարհությունը: Սակայն դժբախտաբար հավաքված ժողովրդի համար այդպես էլ պարզ չդարձավ, որ Քրիստոսի թագավորությունն այս աշխարհից չէ, և Քրիստոսի տարած հաղթանակը հոգիների նկատմամբ տարած հաղթանակ է:

  Վստահաբար այն թագավորությունն է, որի մասին հենց Ինքը` Հիսուս Քրիստոս ասում է. «Արքայութիւն Աստուծոյ ի ներքս ի ձեզ է»:

  Սիրելի հավատացյալներ, այստեղ ուզում եմ Ձեր ուշադրությանը հանձնել մի դրվագ, որի մասին հիշատակում է միայն Ղուկաս Ավետարանիչը:

  Երուսաղեմ մտնելուց առաջ մեր Տերը մի պահ կանգ է առնում և չկարողանալով զսպել սրտի զեղումը` լաց է լինում, դառնապես լաց է լինում քաղաքի համար, որովհետև, ի պատասխան այդքան հրաշքների, անթիվ բժշկությունների ու քարոզության, Իրեն դիմավորող ժողովրդի աչքերում տեսավ դեռևս անհավատության խավարում խարխափող և օրենքի կապանքով շղթայված մի ժողովուրդ: Հասկացավ, որ այդ օրը <«օվսաննաներով» և «օրհնյալներով» ընդունող ժողովուրդը մեկ շաբաթ հետո Իր համար ճանապարհ է հարթելու դեպի Գողգոթայի մահահոտ բլուր:

  Սիրելիներ, այժմ փորձենք հասկանալ, թե որն է Ծաղկազարդի այս կանաչ և կենսաբեր տոնի պատգամը մեզ բոլորիս:

  Տերն այսօր երուսաղեմ գալով` սկսում է փրկագործական տնօրինությունների կենսագործումը` վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է այն օրը, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք և ուրախանանք այսօր»:

  Նախ տեսնենք, թե ինչու Քրիստոս այսօր եկավ Երուսաղեմ` Իր չարչարանքների վայրը: Անկասկած, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, ով կամենում է պատերազմել մարդկանց փրկության համար: Եվ եթե Տերն Ինքն Իր աստվածային բարձունքից ունայնացրեց Իր անձը` հանուն մարդկության փրկության, որչափ առավել մենք պետք է տքնենք և վաստակենք մեր փրկությունը, որ Աստծո պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր բանական էակիս կյանքի առանցքն է: Եվ  վերջապես, ի՞նչ է օրվա խորհուրդը սովորեցնում մեզ: Անկասկած Երկնավոր Տիրոջն ընդառաջ գնալու և մեր հոգիներից ներս Նրան ընդունելու պատրաստակամություն: Աստծո անվախճան արքայության մեջ մեզ վերագտնելու և հոգեպես վերակերտելու ազնիվ ցանկություն: Եվ այս իրողություններն են իմաստավորում Ծաղկազարդի տոնի խորհուրդը, այլապես տոնը կկորցնի իր բուն նշանակությունը:

  Սիրելի՛ հավատացյալներ, շուրջ 2000 տարիներ են անցել այս կարևոր իրադարձությունից, սակայն որքա՜ն արդիական է, որքա՜ն այժմեական: Այսօր նույնպես Տերը շարունակում է Իր ընթացքը դեպի «ներքին Երուսաղեմ», այսօր ևս Տերը մեզ մոտեցնում է խորհրդանշական Ձիթենյանց լեռանը, քանզի Ձիթենյանց լեռը ավետարանական քարոզությանց վեհությունն է խորհրդանշում, ինչպես և Մարգարեն է ասում. «Ել ի վերայ լերինդ բարձու Աւետարանիչդ Սիովնի» (Եսայի 40:9): Տերն այսօր նայում է բոլորիս հոգու աչքերին և այլևս չի ակնկալում ձիթենու և արմավենու ճյուղեր, որոնք կարող են հեշտությամբ փշէ պսակ դառնալ և «զարդարել» Անմահ Թագավորի ճակատը: Քրիստոս մեզանից մեր հավատքի, մեր սիրո ու խոնարհության հաստաբուն ծառի ճյուղերն է ակնկալում` պտղավորված առաքինի գործերով:

  Սիրելի՛ հավատացյալներ, այսօր մաքրության օր է` հոգիների մաքրության: Եկեք այսօր մաքրենք մեր սրտերը, բացենք Աստծո տաճար մեր հոգիները` Երուսաղեմ մուտք գործող Տիրոջն ընդունելու համար, որովհետև Քրիստոս Աստված մեզնից յուրաքանչյուրի մեջ փափագում է տեսնել մաքուր տաճար: Թող մեզանից յուրաքանչյուրն իր սիրտն այսօր փոքր Սիոնի վերածի և ընդունի Քրիստոս Թագավորին և համարձակություն ունենա ուրախությամբ գոչելու. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

  Մեր Տիրոջ սերը, խաղաղությունը և Սուրբ Հոգու առատաբուղ շնորհները լինեն ամենքիս հետ այժմ և միշտ և հավիտյանս. Ամէն: