Արագածոտնի թեմ


սբ.-մեսրոպ-մաշտոց-1024x682Արագածոտնի թեմը ձևավորվել է 1996թ. մայիսի 30-ին` կաթողիկոսական տնօրինությամբ: Տնօրինության մեջ մասնավորապես նշվում է.

«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումը (11 մարզերի դրույթը), Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվական, կրոնական ժողովրդական գործունեության զորացման և գործնական արդյունավորման անհրաժեշտությունը, Նկատի ունենալով նաև պատմական անցյալի որոշ ավանդույթները, Հետ խորհրդակցության Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի Հայաստանում ապրող և գործող անդամների հետ, Այսու Հայրապետական պաշտոնագրով կատարում ենք հետևյալ բարեփոխությունները մեր Եկեղեցու թեմական կառուցվածքային բնագավառում»:

Հայրապետական այս պաշտոնագրով ձևավորվում է Արագածոտնի թեմը և Հայաստանյայց 7 այլ թեմերի հետ ստանում է նոր կարգավիճակ: օշականի-տառեր
Մինչ այդ Արագածոտնի թեմի Աշտարակի և Ապարանի շրջանները պատկանում էին Արարատյան Հայրապետական թեմին, իսկ Թալինի և Արագածի շրջաննները` Շիրակի թեմին:

Այս երկու թեմերի չորս շրջաններն իրենց մերձակա գյուղերով միավորվում են, որոնց հիման վրա էլ ձևավորվում է Արագածոտնի Թեմը: Այս փոփոխության արդյունքում Արագածոտնի թեմը ներառեց Արագածոտնի մարզն ամբողջությամբ:

Վերոնշյալ Հայրապետական պաշտոնագրի ավարտին նշվում է.

« Հայաստանի Հանրապետության այս հառաջընթաց կյանքում թող մեր ազգային Եկեղեցու հարազատ ավանդույթները, քրիստոնեական հավատքի որպես ճշմարիտ արտահայտություն, վերակենդանանան մեր ժողովրդի առօրյա հասարակական կյանքում: Այս նախաձեռնությամբ` ողջունում ենք բոլորիդ և սպասում, որ հոգևոր վերազարթոնքի շարժումը վերստին տարածվի մեր մայր հայրենիքում և համայն հայ ժողովրդի կյանքում: Ողջ լերուք ի Տէր զօրացեալք շնորհօք Սուրբ Հոգւոյն և հաւետ օրհնեալ ի Մէնջ»:

Արագածոտնի թեմի առաջնորդ եղել են .
Տեր Նավասարդ արք. Կճոյանը 1996-1999թթ.
Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը 1999-2002թթ.
Տեր Բագրատ եպս. Գաստանյանը 2002-2003թթ.
Տեր Թորգոմ վրդ. Տոնիկյանը 2003-2007թթ.
Տեր Գրիգոր վրդ. Խաչատրյանը 2007-2009թթ.
2009թ.-ից առ այսօր թեմի առաջնորդն է Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանը:
Այսօր Արագածոտնի թեմում առաջնորդ Սրբազանի հետ ծառայում են 15 հոգևոր սպասավորներ: Թեմում կան  29 եկեղեցիներ և 9 մատուռներ:
Արագածոտնի հոգևոր կենտրոնն է Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, ուր ամփոփված է հայոց գրերի ստեղծող Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի աճույնը:
Արագածոտնի թեմի առաջնորդարանը գտնվում է Աշտարակ քաղաքում` Սբ. Մարիանե եկեղեցու հարակից տարածքում:մեսրոպ-մաշտոց