Ապերախտություն


ter haykՄարդը ստեղծված լինելով բանականությամբ, փոքր և մեծ փորձությունների մեջ ընկնելու ժամանակ փորձում է հասկանալ պատճառը: Եվ կամա, թե ակամա ինքն իր մեջ խորհում է, թե ինքն առաջ շատ ընդունելի էր բոլորի համար. տանը` կարոտով սպասում էին իրեն, միջավայրում` ջերմորեն ընդունում, իսկ ընկերական շրջանում` բոլորից նվեր և ընծա ընդունում: Բայց ի±նչ պատահեց, որ այժմ, երբ հայտնվում է որևէ տեղ, ոչ մեկը իրեն չի ցանկանում նկատել: Ի±նչ սխալ է գործել: Փորձում է մտածել, բայց որևէ բան չի կարողանում մտաբերել: Կարող է որևէ մեկի՞ն է վիրավորել, բայց եթե մեկին, ապա ինչու իրենից խուսափում են բոլորը: Կարող է սխալ տպավորությո՞ւն է թողել: Առաջ իրեն բոլորը ջերմությամբ ընդունում էին, իսկ հիմա….: Բայց սպասիր, այո°, բոլորն էլ իրեն սիրում էին, իսկ նա, իսկ նա սիրե՞լ է գոնե մեկին, թե՞ սիրել է նրանց բարերարությունները: Լավ՝ ասնեք, թե սիրել է նրանց բարերարությունները, բայց գոնե երախտապա±րտ է եղել, հատուցե՞է: Այո°, հատուցել է, սակայն միայն չարիքով: Ուրեմն ապերա±խտ է եղել, սակայն որտեղի՞ց իր մեջ այս ապերախտությունը, եթե միայն կարողանար ժամանակը ետ բերել, ապա ամեն ինչ այլ կերպ կաներ և բոլոր սխալները կշտկեր: Կփորձեր օգտակար լինել մարդկանց, կհարգեր նրանց: Բայց, ցավոք, սրանք լոկ խոստումներ են: Երբ մեկը հայտնվում է անելանելի վիճակի մեջ սկսում է բազմաթիվ խոստումներ տալ, իսկ երբ դուրս է գալիս այդ վիճակից, մոռանում է մեկ րոպե առաջ տված խոստումների մասին:

Այս հոդվածում պետք է անդրադառնանք ապերախտության սահմանմանը, նրա առաջացման պատճառների, հետևանքների, և ձերբազատման խնդիրներին:

Յուրաքանչյուր մարդ ժամանակի ընթացքում փորձում է ստեղծել իր շրջապատը: Գաղտնիք չէ, որ ընկերության մեջ ոչ մի բան մարդկանց իրար այնպես ամուր չի մտերմացնում, որքան հոժարամիտ կամքն ու պատրաստակամ սիրտը, որը հնարավորություն է ստեղծում ընկերությունը կառուցելու ամուր հիմքերի վրա: Բոլորն էլ, առանց երկար-բարակ մտածելու, ընկերանում են այնպիսի մարդկանց հետ, ովքեր օժտված են այս հատկանիշներով, մինչդեռ ապերախտ և թեթևամիտ բնավորության տեր մարդկանց հետ, ոչ մեկը չի ցանկանում հաղորդակցության մեջ մտնել: Նրանք շուտ արհամարհվում և անտեսվում են միջավայրում:

Այստեղ է, որ հարց է առաջացնում, իսկ ի՞նչ է ապերախտությունը, որը խանգարում է մարդուն միջավայրում հաստատվելու և ի՞նչն է պատճառը, որ մարդը չի կարողանում ոչ միայն բարու փոխարեն բարին հատուցել, այլ բարին փոխհատուցում է չարով:

Ապերախտությունը  անմարդկային մի գազանություն է, որը ոտնակոխ է անում մարդկանց բարերարությունները, և քանի որ ապերախտ մարդն իր նկատմամբ կատարված խնամքը չի կարողանում գնահատել, հետևաբար չի էլ կարողանում որևէ մեկից խնամք և կարեկցանք  գտնել:

Արձանագրենք, որ ապերախտական տրամադրությունը մարդու մեջ առաջ է գալիս խստասրտության և անկրթության պատճառով, մաքուր զգացմունքների և խոնարհության պակասությունից:

Ապերախտության պատճառներից է նաև մեծամտությունը, սնափառությունը և դրանցից առաջ եկած անհիմն ու անտեղի ամոթը: Ամբարտավան մարդը ոչ մեկին և ոչ մի բանում պարտական լինել չի ցանկանում, այլ ցանկանում է, որ ամեն ինչ միայն իրենը լինի: Ունայն փառք սիրող սնապարծն ուրիշների կողմից կատարված լավություններն ընդունում է ոչ թե բարերարություններ, այլ իբրև զոհողություն, որը պարտավոր են իրեն անել: Այս կարգի մարդիկ ցանկանում են միայն իրավունքներ ունենալ ամենքի նկատմամբ և բոլորից պարտականություններ պահանջել:

Այն չարիքը, որ մարդու արած ապերախտությունից է առաջ գալիս, շատ հաճախ և գրեթե միշտ, մի չնչին բանից կարող է լինել, բայց շատ անգամ է պատահում, որ այն մեծ հետևանքներ է ունենում: Ապերախտությունը մարդու մեջ սպանում է հավատարմության այն զգացմունքն ու գաղափարը, որը մարդը տածում է մյուսների նկատմամբ: Խաբված մարդուն թելադրում է ոչ մեկին չհավատալ, բացասական կարծիք ունենալ բոլորի նկատմամբ:

Ակամա մարդիկ մտածում են, թե ինչ ուզում են, թող անեն, մեզ ինչ: Բայց մենք չենք մտածում, որ այս մարդիկ թունավորում են ոչ միայն իրենց, այլ նաև շրջապատող մարդկանց: Ապերախտ մարդկանց պատճառով քանի-քանի բարի մտքեր են խորտակվել և սպանվել մեր սրտում, որոնք մեզ պետք է առաջնորդեին զանազան բարի գործեր կատարելու, քանի-քանի բարի գործեր անպտուղ են մնացել` մոր արգանդում դեռ չծնված, բայց մեռած զավակի նման: Ցավո°ք, մենք դեռ չունենք այն գիտակցությունը, որ առանց ակնկալության կարելի է բարիք գործել:

Ինչպես որ թշնամիներին սիրելը քրիստոնեական վարդապետության մեջ կատարելության գերագույն աստիճանն է, որն օգնում է մեզ իբրև մարդ կատարելագործվելու, այնպես էլ մտերիմներին մատնելը, նրանց խաբելը, կատարած բարիքն արհամարհելը, որոգայթ լարելը, բոլոր մոլորությունների ծայրագույն աստիճանն է, որ մեզ հեռացնում է Աստծուց և անվստահություն ներշնչում միջավայրի մեջ:

Ավետարանում կարդում ենք «Սիրեցե°ք Ձեր թշնամիներին» բայց մենք անգամ չենք կարողանում  սիրել նրան, ով  մեզ ամբողջ հոգով և ամբողջ սրտով է սիրում, անգամ մոռանում ենք մեզ համար կատարած նրանց բոլոր բարի գործերը  և առանց երկմտելու հրապարակավ մեզ քրիստոնյա անվանում:

Ավետարանում կարդում ենք «Օրհնեցե°ք Ձեզ անիծողներին», բայց մենք արհամարհում ենք նրանց, ովքեր մեզ իրենց օրհնությունն ու սերն են տվել և մշտապես աղոթել են մեզ համար, որպեսզի Աստուծո և  մարդկանց առաջ մշտապես պարզերես երևանք: Մենք անգամ չենք նայում այն մարդկանց երեսին, ովքեր մեզ բարի խրատներ են տվել և խոտոր ճանապարհից ետ բերել և անգամ չենք մտածում, որ նրանք միայն մեր երջանկության համար են ապրում:

Ավետարանում կարդում ենք «Բարի°ք արեք նրանց, ովքեր Ձեզ ատում են», բայց մենք մեր գլխից հանում և մոռանում ենք նրանց, ովքեր մեզ խղճացել են, խնամք են տարել մեզ համար, երբ մենք դրա կարիքը շատ ենք զգացել, մեզ ապահովել են մթերքով, երբ մենք քաղցած ենք եղել, օգնել են ճշմարիտ խորհրդով ու գործով, երբ մենք նեղ դրույթան մեջ ենք եղել և հույսներս բացարձակ կորցրել ենք և Աստված ենք կանչել, որ մեկը մեր  նկատմամբ գութ ունեա:

Երբ մենք մեզ տրված գումարը ետ ենք վերադարձնում կարծում ենք, որ պարտքերը մարեցինք և կարող ենք ազատ շունչ քաշել, բայց, ավաղ, արդյո°ք կարող ենք բարոյական պարտքերը վերադարձնել մարդկանց: Մի°թե մենք քրիստոնյա ենք: Արդյո°ք կարող ենք հանգիստ սրտով եկեղեցի մտենել և հանգիստ աղոթել: Սակայն փորձը ցույց է տալիս , որ այո°, կարող ենք:

Երբ մտածում ենք արատավոր ապերախտության և ոչ միայն, այլ ընդհանրապես ցանկացած արատավոր մոլորության շուրջ, հասկանում ենք, որ այն ունի իր մեծ ու փոքր աստիճանները: Այս պարագային արդեն կատարված բարիքը մոռանալը, վայելած սերտ բարեկամությունն արհամարհելը, ուղղված է ոչ միայն իր սեփական անձի, այլ նաև իր ծնողների դեմ: Ցանկացած ծնող, որքան էլ կարողանա ամեն ինչով ապահովել իր զավակին, բայց չկարողանա հասարակության և հայրենիքի համար նվիրյալ զավակ պատրաստել, այն ինչ արել է, հավասար է զրոյի: Յուրաքանչյուր հայրենասեր առաքինի զավակ օրհնություն և աղոթք է բերում իր ծնողներին, իսկ դավաճան և ապաշնորհ զավակը` անեծք և լուտանք: Այսինքն մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր ապերախտությամբ վնասում ենք նաև մեր ծնողներին:

Սակայն որքան պախարակելի և  գարշելի է այն, երբ մեկը ոչ միայն բարու փոխորեն չի ցանկանում բարիք գործել, այլև այն փոխհատուցում է չարիքով, սա արդեն մարդու գազանության վերջին աստիճանն է: Սա է մարդու սրտի ամենածանր վերքը, որը եթե ժամանակին չդարմանեք, ապա հետևանքները մեծ կարող են լինել: Բոլոր մոլորությունների մեջ կարելի է քայլ առ քայլ առաջ գնալ դեպի ավելի վատթարագույնը, բայց ապերախտության պարագային այլ է: Երբ մեկը մոռանում է այն ձեռքը, որ մի ժամանակ իրեն օգնել է, խնամել և օրհնել է, կարող է մեկ օր այդ ձեռքին անեծք բերել, կամ այն սիրտը, որ ջերմորեն գգվել է իրեն, կարող է նույն սրտի մեջ մեկ օր սուր խոցել: Մոլորության ճանապարհը մեզ դեպի ցած է գլորում, և մեղքերն իրենց ծանրություններով մեզ դեպի անդունդ են տանում:

Որքան մեծ է երախտիքը, այնքան առավել ապաշնորհ է երախտամոռը, որովհետև ըստ երախտիքի չափի է կշռվում ապերախտի հանցավորությունը:

 Ապերախտ մարդը, որի մտքի աչքը կուրացել է և խիղճը մահացել, կարող է անդարմանելի չարիք պատճառել իր հայրենիքին, այն հայրենիքին, որը պահել և մեծացրել է իրեն, կարող է մտնել իր քաղաքը կամ գյուղը և որոգայթ լարել համաքաղաքացիների կամ համագյուղացիների նկատմամբ: Նա հետևելով Հուդային` նեգավոր շրթունքների համբույրով կարող է մատնել իր ամենամտերիմ բարեկամին և փոս փորել այն  ընկերների համար ու տեր դառնալ նրանց ունեցվածքին, ովքեր իրեն նեղության մեջ օգնել են, անելանելի դրությունից են հանել և միջավայրում հաստատման պատճառ են դարձել: Նա իր ուսուցչին կարող է հրապարակավ վարկաբեկել, այն ուսուցչին, որն իրեն տվել է գիտության լույսը և ցույց է տվել փրկության ու բարորության ճանապարհը: Նա իր անարժան ձեռքը անխնա կարող է բարձրացնել այն հոր գլխին, որն իր ողջ կյանքը նվիրել է իր զավակի բարորությանը` մազերը սպիտակեցնելով և կարող է պատռել կուրծքն այն մոր, որ մի ժամանակ իրեն կաթ է տվել ու մեծացրել:

Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ով ընդունակ է բարու փոխարեն չար հատուցել, նա ամեն չարագործության էլ ընդունակ է, որովհետև նրա մեջ մարում է բոլոր առաքինությունների բուն աղբյուրը` մաքուր սերը. սեր, որի մեջ բնավ նենգության նշույլ չկա:

Մենք պետք է ինքներս քննենք մեզ` տեսնելու համար, թե արդյո±ք մաքուր ենք մնացել ապերախտական մոլորությունից: Հնարավոր է, որ ոչ մեկին սիրո փոխարեն ատելություն չենք հատուցել, հնարավոր է, որ երբեք չենք մոռացել այն բարի գործերը, որոնք  մեզ համար են կատարվել, բայց արդյո±ք երախտապարտ ենք եղել ամեն ինչ պարգևող Աստծուց: Հաճախ երախտապարտ սրտով հիշո՞ւմ ենք  մեր  ծնողներին,  հիշո՞ւմ ենք մեր հոգևոր Ծնողին, Ով խաչի վրա արյուն թափելով` փրկել է մեզ հավիտենական մահվանից: Մենք գնում ենք Եկեղեցի, մասնակցում ենք Հաղորդության խորհրդին, որն ամեն անգամ կատարվում Նրա մահվան հիշատակի համար, ի տես բոլորի, առերես խոտովանում ենք մեր քրիստոնեական վարդապետությունը, բայց գործերով բոլորովին այլ վարդապետության ենք հարում:

Բայց  պատմությունը  մեզ այլ բան է ուսուցնել: Հայ քրիստոնյան վաղուց  իր սրտից հալածել է մեծամտությունից և ինքնահավանությունից առաջ եկած բոլոր արատավոր մոլորությունները: Նրա փափագն պետք է լիներ անշահախնդիր նվիրումը, նվիրում դեպի ընտանիքը, հարազատները, մտերիմները: Նա վաղուց պետք է իմանար, որ այն ամենով, ինչով մահկանացուներս սովոր ենք պարծենալ և հպարտանալ, երկար կյանք չի կարող ունենալ: Գաղտնիք չէ, որ գեղեցկությունն ընդհամենը մի քանի տարի հետո անց է կենում, հարստությունը հող ու փոշի է, որը մարդն իր հոգու հետ չի կարողանում  հավիտենական կյանք տանել, գիտական իմացությունները կարող են մի քանի տարի մեզ ճանաչում և մեծ համբավ բերել: Սակայն միայն ու միայն առաքինությունն է որ ազնվացնում է մարդուն թե° մարդկանց և թե° Աստուծո առաջ: Այն մեզ չի թողնում, որ մեր խիղճն աստիճանաբար մարի ու խաղաղ մեր հոգին տանում է դեպի հավիտենականություն:

Մենք հաճախ չենք մտածում, որ մեր արարքների հետևանքները կարող են կրել ոչ միայն մենք, այլ նաև մեր ծնողները, մտերիմներն ու հասրակությունը: Մենք մեր արարքով օրական քանի՞ հոգու հավատքն ենք խամրեցնում, հավատք դեպի մարդկությունը, դեպի առաքինությունը: Մենք առանց գիտակցելու քանի՞ բարի գործերի սերմեր անխնա ոտնակոխ ենք անում:

Ես վստահ եմ, երբ դու կարդաս այս հոդվածը, աչքիդ առաջ գալու է քո կատարած հանցանքները և խիղճդ էլ սաստիկ տանջելու է քեզ: Բայց ի±նչ բերեց քեզ ապերախտությունը: Ես  կարող եմ պատասխանել` միայն դատապարտություն:

Բայց չպետք է մտածենք, որ ապերախտությունը պետք է առանց հատուցման մնա: Երբ մի գեղեցիկ օր մեկ ուրիշը մեզ խաբի, ուրանա, մատնի, երբ մի օր մեկ ուրիշից մեր բարերարության փոխարեն խարդախությունն ու չարիք տեսնենք, այն ժամանակ կհասկանանք կյանքի իսկությունը, քանի որ ինչ ցանենք այն էլ հնձելու ենք և ինչ չափով, որ մենք ուրիշի համար չափել ենք, նույն չափով էլ մեզ համար է չափվելու: Այո, եթե մենք մեր կյանքում մեր մտերիմների և մանավանդ մեր ծնողների ու հարազատների նկատմամբ անհավատարիմ ենք գտնվել և իբրև դավաճան խաբել ենք նրանց մեր անարժան գործերով, մեր չար գործի անեծքը հետապնդելու է մեզ ամեն քայլափոխում և մեկ վայրկյան անգամ խաղաղ ապրել թույլ չի տալու և մի օր էլ մահվան անկողիններիս մեջ չարաչար տանջելու է մեզ, մինչև հոգիներս ավանդենք: Հետևաբար, եթե ցանկանում ենք ամեն տեսակի մոլորություններից խուսափել, անհրաժեշտ է ոչ միայն քրիստոնեական ճշմարտությունները բերանով դավանել, այլ նաև գործով ապացուցել:

 

 

 

 

Տ. ՀԱՅԿ քահանա ՍԱՀԱԿՅԱՆ

Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ