Սբ. Խաչ եկեղեցի (Ապարան)


aparani surb xachՍուրբ Խաչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին իր անունը առել է այդտեղ պահվող Տերունական Խաչափայտի մասունքից։ Ականատեսների վկայությամբ այն գոյություն է ունեցել մինչև մեծ անաստվածության տարիները, և այժմ անհայտ է գտնվելու վայրը։ Այս աղոթատունը գործել է մինչև 20-րդ դարի 40-ական թվականները՝ չդադարելով նաև գործել բոլշևիկյան տարիներին՝ շնորհիվ Տեր Ռաֆայել քահանայի։

40-ականների վերջին այն պղծվել է, քանի որ այն օգտագործել են որպես կոլտնտեսության պահեստ, բայց 1959 թվականին վերադարձվել է բնակավայրի ծխական համայնքին՝ շնորհիվ ծխական համայնքի խորհրդի և նրա նախագահի՝ դարբին Սենո Մայիլյանի։

Պատմական Այրարատ աշխարհի պատմական Նիգ գավառի պատմական Քասախ ավանի կենտրոնից բխել է «40 աղբյուր» կոչված սառնորակ գետը։ Նույն գետի ակունքների մոտ կառուցված Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց 1700 տարիներ շարունակ հորդել է Սուրբ Հոգու կենարար ջուրը՝ ոռոգելով Տիրոջ անդաստանները Ավետարանի կենարար լույսով։

Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին գլխավոր կենտրոնական կառույցն է ճարտարապետական մի համալիրի, որից պահպանվել են 5-րդ դարում կառուցված եկեղեցու հիմնապատերը, ինչպես և 2 եկեղեցիների միջանկյալ տարածքում կառուցված սրահի։ Այս սրահը, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես ճեմարան՝ նախօրինակը լինելով Սանահինի վանքի հանրահայտ «Մագիստրոսի ճեմարանի»:

Պեղումներից հայտնաբերված ճարտարապետական բեկորները վկայում են համալիրում այլ բնույթի շինությունների երբեմնի առկայությունը, որոնցից, ցավոք, ոչ մի հետք չի պահպանվել։ Համալիրը զարդարել են նաև վաղ քրիստոնեական շրջանին բնորոշ քառակող հուշասյուներ և արխաիկ խաչքարեր, որոնցից մեկը գտնվեց և վերատեղադրվեց բարեկարգման աշխատանքների ավարտական փուլում:

Տաճարի հորիզոնական առանցքի շուրջ զարգացող ծավալատարածական հորինվածքը, որ արևելքում ավարտվում է խորանի աբսիդով, եռավան բազիլիկ է, սակայն խիստ տարբեր նախորդ շրջանից հայտնի նույնատիպ շինություններից։ Քասախի բազիլիկ տաճարը իր էքստերիերի ճարտարապետությունում զուսպ է և առնական։ Հիմնական արտահայտչամիջոցը այստեղ պատերի լոկալ հարթության և բացվածքների ու առաջ եկած պորտալների համաչափական համակարգն է և լուսարվեստային խաղը։

Ողջ ճարտարապետական մտածողությունը ի սպաս է դրված աղոթքի և փառաբանության հարիր տարածության կազմակերպմանը, որը և Քասախի բազիլիկ տաճարի ճարտարապետության մեծագույն գեղագիտական արժեքն է հանդիսանում։ Այս մտածողությանը ձգտել է հարազատ մնալ վերականգնող ճարտարապետը՝ նորաստեղծ տարրերի (բեմը, սուրբ Սեղանը, Մկրտության Ավազանը) մշակման մեջ՝ ենթարկելով դրանք տաճարի գեղագիտական արտահայտչականությանը։

Ուենալով փաստացի նյութ կառույցի կղմինդրածածկ լինելու վերաբերյալ՝ տաճարը կրկին ծածկվեց կղմինդրով, որի ձևը կրկնում են 5-րդ դարից պահպանված կղմինդրի ձևերը։ Այս ամենով հանդերձ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին Քասախի (բազիլիկ տաճարը) ոչ միայն վաղ քրիստոնեական շրջանի առաջնեկն է, այլև բարձրարժեք ճարտարապետական մի հորինվածք է՝ քարեղեն մարմնացումը Ավետարանի լույսի, սիրո ու ճշմարտության՝ զուսպ, առնական, միաժամանակ ջերմ ու մարդամոտ։ Այն իրավամբ հայ քրիստոնեական ճարտարապետության եզակի գոհարներից է և բարձրարվեստ մի հուշարձան միանավ բազիլիկների շարքում։