Աշտարակի Հայորդյաց տան բացման արարողությունը


Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը

14322394_565239577001351_965445977311951427_n

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող ութերորդ Հայորդյաց տունն է և ամբողջությամբ հիմնանորոգվել է «Գուլամիրյան» հիմնադրամի միջոցներով: 14370308_565239637001345_5606535459578780860_n
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Հայորդյաց տան մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, թեմի հոգևոր սպասավորներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ և հայորդյաց տան սաներ:
Մանուկների ծափողջույնների ուղեկցությամբ «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանը և նրա տիկին Մարի Հարաթունյանը կտրեցին մուտքի կարմիր ժապավենը, և «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբության գլխավորությամբ ներկաները մուտք գործեցին Հայորդյաց տուն:
Կառույցի նախասրահում նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի նորաբաց Հայորդյաց տան օրհնության կարգ, որից հետո Նորին Սրբությունը և հյուրերը շրջեցին կրթական հաստատությունում` ծանոթանալով հայորդյաց տան պայմաններին, այցելեցին դասասենյակներ, ծանոթացան սաների ձեռքի աշխատանքներին:14355178_565239800334662_565197207082582163_n
Այս բերկրալի առիթով Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն, որը բացվեց Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ողջույնի խոսքով: Հայորդյաց տների հոգևոր տեսուչը, իր ուրախությունը հայտնելով երկու տարվա տքնաջան աշխատանքից հետո Աշտարակի Հայորդյաց տան բացման առիթով, ի մասնավորի ընդգծեց, որ Հայորդյաց տներն այն վայրն են, որտեղ ձևավորվում է վաղվա լավ ու արժանապատիվ հայը: Հայր Կոմիտասը նաև իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, «Գուլամիրյան» հիմնադրամին և նրա նախագահին` Աշտարակի մանուկների համար կրթական պատճաշ պայմաններ ստեղծելու կապակցությամբ:
Այնուհետև հանդես եկան Հայորդյաց տան պարային և ժողովրդական գործիքների խմբերը:
Մանուկների ելույթներից հետո իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը՝ կարևորելով Աշտարակի կյանքում Հայորդյաց տան բացումը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Աշտարակին նման արժեքավոր հաստատություն պարգևելու համար: Վերջինս վստահություն հայտնեց, որ այն կդառնա քաղաքի մշակութային դիմագիծը ներկայացնող մի կարևոր կառույց` նպաստելով նաև մարզի նմանատիպ հաստատությունների ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը:
Իր խոսքը ներկաներին ուղղեց նաև «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանը` մեծ պատիվ նկատելով բացման արարողությանը ներկա գտնվելը և արձանագրելով այն հսկայական փոփոխությունները, որ տեղ են գտել երկու տարիների ընթացքում: Պրն. Հարաթունյանը, մեծապես կարևորելով Հայորդյաց տների առաքելությունը հայ մանուկների կրթության և դաստիարակության գործում, հիշեց Գուլամիրյան ընտանիքի այցը Հայաստան և հանդիպումը Հայոց Հայրապետի հետ, որի արդյունքում ազգանվեր ամոլը, չունենալով զավակներ, որոշում կայացրեց իր միջոցներն ուղղել ի նպաստ Հայաստանի մանուկների տարբեր ծրագրերի իրականացմանը:14358976_565239810334661_8987540556458524397_n
Հանդիսությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության պատգամով: Նորին Սրբությունը համոզում արտահայտեց, որ կերպարանափոխված և ամբողջապես բարենորոգված հաստատության մեջ մանկավարժները նոր խանդավառությամբ կկատարեն իրենց աշխատանքը, և լավագույնս կկրթվեն Աշտարակ քաղաքի մանուկները:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն աղոթքով հիշեց Գուլամիրյան ընտանիքին, որ իր կարողություններն ի սպաս դրեց Հայրենիքին և ժողովրդին: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանին, ով, հավատարիմ Գուլամիրյան ամոլի տեսիլքին, հանձ առավ հիմնադրամի միջոցները նպատակաուղղել այս օրհնյալ ու շնորհակալ գործին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց նաև հանդիսությանը ներկա Մայր Աթոռի բարերարներին, որոնց թվում` Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյան քույրերին, Կիրակոս Գույումջյանին` շնորհակալություն հայտնելով ազգային կյանքի շինության գործում իրենց կողմից ներդրվող ջանքերի և միջոցների համար: Նորին Սրբությունը ողջունեց նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ Օգնության Ֆոնդի տնօրեն Գառնիկ Նանագուլյանի ներկայությունը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Աշտարակի քաղաքապետին՝ Հայորդյաց տան խնդիրների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, նաև իր օրհնությունը բաշխեց Հայորդյաց տան աշխատակազմին՝ տնօրեն Կարինե Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր անսակարկ նվիրումով, սիրով և նախանձախնդրությամբ իրականացնում են իրենց կրթադաստիարակչական առաքելությունը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց Հայորդյաց տան կայացմանը նպաստած անձանց, ինչպես նաև հայ ազգային կյանքը շեն ու պայծառ պահելուն ուղղված բոլորի ջանքերը: