Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած աշակերտների


Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի թվով 45 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի և կրթական հաստատությունների տնօրենների:
Հանդիպմանը պրն. Սարգիս Պետոյանը նախ ներկայացրեց սաներին, ապա խոսեց Սփյուռքում հայապահպանության արդի հրամայականների մասին` Հայոց Հովվապետի հետ կիսվելով նաև աշակերտների անջնջելի տպավորություններով:
Հայրապետական իր օրհնությունը բաշխելով ներկա հայորդիներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել` ինչպես են ամեն տարի Ֆրանսիայի ազգային կրթական հաստատությունների սաներ ժամանում Հայաստան` մասնավորաբար մասնակիցը դառնալու ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ուղղվող երթին` իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ վերջին օրերին հայրենիքի կյանքում տեղ գտնող իրադարձություններին, ինչպես նաև համերաշխության և խաղաղության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վերականգնմանն ուղղված Հայոց Եկեղեցու ջանքերին:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց աշակերտների ծնողներին այն նախանձախնդրության և հետևողականության համար, որ ցուցաբերում են իրենց զավակների հայեցի դաստիարակության համար, որպեսզի վերջիններս լինեն նախնյաց արժանավոր հետնորդները` իրենց գործերով պահպանելով ու ամրապնդելով բարի անունը հայ ժողովրդի:
Վերջում իրենց շնորհալի ասմունքով և ՀՀ պետական օրհներգի կատարմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաև աշակերտները:Image may contain: 3 people, indoorImage may contain: 3 people, people sittingImage may contain: 2 people, people sittingImage may contain: one or more people and people standingImage may contain: 5 people, people sittingImage may contain: 1 person, sittingImage may contain: 6 people, people sittingImage may contain: 3 people, indoorImage may contain: 3 people, people sitting