Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդներին


Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության անդամներին՝ գլխավորությամբ պատվիրակության նախագահ, Սիդնեյի Բյուզանդական կաթողիկե եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբաթի և ուղեկցությամբ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի:
Ողջունելով Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ պատվիրակության այցելությունը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Ավստրալիա կատարած հովվապետական այցի ժամանակ ականատեսն է դարձել հայ առաքելական և քրիստոնեական մյուս համայնքների միջև առկա սիրո, համերաշխության և սերտ համագործակցության: Այս կապակցությամբ Գարեգին Բ Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Ավստրալիայի եկեղեցիների առաջնորդների այցը Մայր Աթոռ կնպաստի այդ կապերի առավել ամրապնդմանը:
Իր հերթին արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբաթն ընթերցեց էկումենիկ պատվիրակության անդամների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ողջույնի խոսքը, որում հոգևոր առաջնորդները, անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանը, նաև իրենց զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին և Հայոց Եկեղեցուն` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
Վերջում Վեհափառ Հայրապետը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը, որպեսզի անսասանորեն իրագործեն իրենց սրաբազան առաքելությունը Քրիստոսի Եկեղեցու պայծառության և շենացման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:Image may contain: one or more people and indoorImage may contain: 7 people, people smiling, people standing and indoorImage may contain: 1 person, standingImage may contain: 4 people, people standingImage may contain: 2 people, beardImage may contain: 2 people, indoorImage may contain: 2 people, people sittingImage may contain: 1 person, beardImage may contain: 4 peopleImage may contain: one or more people and indoor