Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


Image may contain: 2 people, people standing and indoorImage may contain: 3 people, people sitting and beardImage may contain: one or more people, people sitting, shoes and indoorImage may contain: 11 people, people standing and indoorՀունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սանտա-Կլարիտայի Սուրբ Սարգիս եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Ալանջյանի:
Տեր Հայրը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտավորներին, անդրադարձավ ծխական կյանքին, ինչպես նաև կիսվեց Հայաստան կատարած այցի տպավորություններով:
Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին, իր գնահատանքը հայտնեց հոգևոր հովվին նման նախաձեռնության կազմակերպման համար: Նորին Սրբությունը նշեց, որ ուխտագնացությունը հնարավորություն կընձեռի Ս. Սարգիս եկեղեցու հավատացյալներին ներշնչվելու հայրենիքով, զորանալու իրենց նախնյաց հավատքով ու մշակույթով:
Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ հայրենիքի անկախության պայմաններում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերազարթոնք է ապրում և վերականգնում տերունավանդ իր առաքելությունը տարբեր ոլորտներում: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ եկեղեցականների նվիրյալ սպասավորության շնորհիվ բազում հոգեշահ իրագործումներով պայծառանում է ժողովրդի հոգևոր կյանքը:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց ուխտավորներին, որ, լինելով ժառանգները Հայոց Ցեղասպանությունը վերապրած և ԱՄՆ-ում հաստատված հայորդիների, կարողացել են պահպանել իրենց մայրենի լեզուն և կերտել ազգային կյանքը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց համայնքի կյանքով ու գործունեությամբ: