Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր


Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` գնդերեցների ուղեկցությամբ։
Բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի և կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի և քույրերի անդորրը:
Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել Հայոց Հայրապետին:
Զինվորականները շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր ծառայության մեջ։Image may contain: 1 person, standingImage may contain: 1 person, smiling, standing and outdoorImage may contain: 2 people, people standing and outdoorImage may contain: one or more people and people standingImage may contain: 2 people, people standing and outdoorImage may contain: 11 people, people smilingImage may contain: 2 people, people standingImage may contain: 1 person, standing and outdoorImage may contain: 4 people, people standingImage may contain: 1 person