Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին


Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Հունաստանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրի մեջ ի մասնավորի նշված է. «Ձեզ ենք հղում մեր ցավակցությունները և աղոթում Ամենակալ Աստծուն, որ Իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները` պարգևելով սփոփանք և մխիթարություն նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Թող որ Աստծո օգնությամբ հույն ժողովուրդը կարողանա հաղթահարել այս դժվարությունները և ապրի խաղաղ ու ապահով»:Image may contain: one or more people and hat