Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ


Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62 սփյուռքահայ ուսուցիչների հետ, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:

Տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը սփյուռքահայ ուսուցիչներին, վերջիններիս ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում` դրա լավագույն վկայությանները նկատելով հիմնված հոգևոր կրթական և հանրակրթական հաստատությունները: Պրն. Միրզախանյանը տեղեկացրեց նաև, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:

Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով համալասարանի և ՀՀ պատկան կառույցների կարևորագույն այս նախաձեռնությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է:

Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը` Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց` նոր ուժով և ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց համագործակցությունը եկեղեցական կառույցների և ազգային կրթական հաստատությունների միջև:

Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին` հավելելով, որ

առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասնթացներ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուսուցիչների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում գործող հայկական դպրոցների և մայրենիի պահպանման խնդիրներին:

Վերջում Վեհափառ Հայրապետը մանկավարժներին մաղթեց Աստծո օրհնությունն ու պահպանությունը իրենց սրբազան առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:Image may contain: one or more people, people standing and weddingImage may contain: 3 people, people standingImage may contain: 4 peopleImage may contain: 1 person, standing and suitImage may contain: one or more people and crowdImage may contain: 2 people, people sitting and beardImage may contain: 3 people, people sittingImage may contain: 5 peopleImage may contain: 5 people, people standing and eyeglasses