Աղձքի եկեղեցին և թագավորական դամբարանը


Աղձք

Աղձք համայնքը գտնվում է Արագած լեռան հարավային կողմում: Բնակչության թիվը կազմում է 1975 մարդ, որից մոտ 20-ը եզդիներ են: Գյուղը նախկինում անվանվել է նաև Ձորափ: Հիմնականում ներգաղթյալներ են Արևմտյան Հայաստանից: Աղձքում է գտնվում 4-րդ դարի հանրահայտ Արշակունյաց թագավորների դամբարանը, որտեղ ամփոփվել են և’ հեթանոս, և’ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի հարևանությամբ կառուցված է եկեղեցի, որի հիմքերը դեռ երևում են: Անհրաժեշտ է պարզել` եկեղեցին է շուտ կառուցվել, թե դամբարանը. «Եթե կարողանանք պարզել, որ եկեղեցին ավելի շուտ է կառուցվել, ինչը տրամաբանական է, քանի որ արքաներին պատահական վայրերում չէին կարող թաղել, ապա մենք վերջապես կարող ենք ասել, որ 4-րդ դարում Հայաստանում եղել է զարգացած եկեղեցաշինություն, մինչդեռ 5-րդ դարից է մեր եկեղեցիների պատմությունը սկսվում»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն և պեղումների արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
1974 թվականին դամբարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվել, հայտնաբերվել են հետաքրքիր հարթաքանդակներ՝ ռեալիստական, գեղարվեստական բարձր ոճով արված առյուծների, արծիվների, ուղտերի և այլ կենդանիների պատկերներով: 2011 թ. կարճ ժամանակով կրկին պեղումներ են իրականացվել: Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղումները բացառիկ են մեր ինքնության, պետականության, ինքնաճանաչման առումով: Վազգեն Սարգսյանի ժամանակ ծրագիր կար, որ Աղձքը պետք է դառնա հայոց սպաների երդման արարողության վայր, Անդրանիկ Մարգարյանի օրոք էլ նախնյաց հիշատակի օրն էր տոնվում այնտեղ: 2014 թ., վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Աղձք մեկնած պատվիրակությունը տեղում որոշել է, որ պետք է դամբարանը պեղվի: 2015-17 թթ. իրականացվելիք ծրագրի համար նախատեսված է 50 միլիոն դրամ: Պեղումները կատարելու է մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը, որում ընդգրկված են հմուտ ճարտարապետներ, երիտասարդ գիտնականներ, արվեստաբաններ:Վաղ միջնադարյան միակ կառույցն է, որն ունի հստակ թվագրում, որին անդրադարձել են խոշոր պատմիչները, այդ թվում նաև Խորենացին, Բուզանդը:
Պարսից Սասանյան Շապուհ Երկրորդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ըմբոստ ոգին, ձեռնարկում է մի հատուկ արշավանք, որի նպատակն էր հափշտակել հայոց արքաների ոսկորները, որովհետև, ըստ մոգերի, դրանց մեջ էր ամփոփված երկրի քաջությունը, բախտն ու փառքը: Թագավորը խորհրդանշել է անկախությունը, երկրի հզորությունը: Պարսկական բանակը Մծբինի կողմից շրջանցելով Հայոց Միջագետքը, հարավից ներխուժում է Եփրատ գետի վերին ավազանը: Պարսիկները խաբեությամբ կարողանում են գրավել Անի-Կամախ ամրոցը, բացել հայոց արքաների դամբարանն ու հավաքել արքաների ոսկորները, անթիվ գանձեր ու տանել Պարսկաստան: Սա մեծագույն ամոթն էր երկրի համար, քանի որ պետականության խորհրդանիշների հափշտակում էր: Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետևում է, հասնում ու ջախջախում պարսկական բանակը, ազատում գերիներին, հայոց արքաների աճյունները: Պատմիչներն ուշագրավ տեղեկություն են հաղորդում. քանի որ խառնվել էին հայոց հեթանոս և քրիստոնյա արքաների ոսկորները, որոշում են, որ չի կարելի սրբերի հանգստարան Վաղարշապատում թաղել նրանց, դրա համար Արագած լեռան լանջին կառուցվում է հատուկ դամբարան, որտեղ ամփոփում են հայոց արքաների մասունքները: