Աղանդների ազդեցությունն անհատի հոգևոր և բարոյական կերպարի ձևավորման վրա


ալլա

Հարցազրույց «ԴԻԱԼՈԳ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպության նախագահ` Ալմաստ Մուրադյանի հետ

-Ի սկզբանե որոն՞ք  էին այն հիմնական պատճառները, որ նպաստեցին, պարարտ հող ստեղծեցին աղանդների գործունեության համար Հայաստանում, և ո՞րն էր նրանց գործունեության նպատակը:

-Աղանդների գործունեության համար հետխորհրդային երկրներում կային մի շարք նպաստավոր նախապայմաններ`

Խորհրդային շրջանում, երբ իշխում էր կոմունիստական գաղափարախոսությունը, խորհրդային քաղաքացիները չէին տիրապետում կրոնական պարզունակ գիտելիքների   և դեռևս չէին արթնացել աթեիզմի նիրհից:

Մարդիկ կարիք ունեին որևէ բանով լրացնել կոմունիզմի գաղափարախոսության բացը` և Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց խոսքի և կրոնի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք նոր գաղափարախոսությունների ներմուծում:

Միյևնույն ժամանակ եկեղեցին 70 տարի գտնվում էր ճնշման տակ, հոգևորականների թիվը շատ քիչ էր, ավետարանչությունը և քարոզությունը իրենց տեղը զիջել էին ծիսակատարությանը, այս պարագայում` արտասահմանյանը  դիտարկվում էր փայլուն և գրավիչ, իսկ հայկականը` հին:

Մյուս կողմից 1988թ-ի երկրաշարժը, պատերազմական իրավիճակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը,…ստիպում էին գոյատևման ճանապարհներ փնտրել:

Այս գործոնների առկայության պարագայում գրեթե բոլոր տեսակի աղանդները` կրոնական, հոգեբանական, կոմերցիոն, լայն տարածում ստացան հետխորհրդային երկրներում և հիմական նպատակն էր խաթարել պետության հիմքերը:

-Ներկայումս, որո՞նք են աղանդների գործունեության համար նպաստավոր գործոնները:

-Ներկայումս Հայաստանում գործող աղանդների համար արդեն այլ են պայմանները: Պետք է ասեմ, որ մարդկանց մոտ իրազեկվածության զգալի աճ է նկատվում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ դերը ունի ժողովրդի մոտ, հոգևորականների և եկեղեցիների թիվը  ինչ խոսք բավարար չէ բնակչության հոգևոր կարիքների համեմատ, սակայն զարգացման տեմպերը ակնհայտ են: Բայց այս ամենի հետ մեկտեղ աղանդները շարունակում են զարգանալ, սակայն պետք է ասեմ, որ փոխել են իրենց գործունեության ուղվածությունը: Պետք է նաև նշեմ, որ աղանդները հենց այնպես չեն առաջանում և գործում, նրանք նպատակաուղղված զարգանում են ըստ մարդկանց կարիքների համեմատ: Այդ իսկ պատճառով 90-ականներին եկած աղանդները, որոնք քարոզում էին ազատություն, հավատք, սեր, և ներկայումս ներմուծվող աղանդները տարբերվում են իրարից: Այժմ աղանդները քարոզում են հաջողություն, հարստություն, սոցիալական կարգավիճակ, քաղաքականության մեջ ներգրավվածություն, ինչպես նաև մեկ այլ սոցիալական կարիք են լուծում` ազատագրում հիվանդություններից, անեծքներից, ստրեսներից, այսինքն` առաջադրում  հեշտ հաջողության հասնելու մի բանաձև, որը որևէ աղերս չունի փրկագործության խորհրդի հետ:

Այս զարգացումից երևում է, որ աղանդները արդեն չեն առաջանում մարդկանց (առաջնորդի) անկեղծ մոլորության արդյունքում, ինչպես շատ անգամ պատահում էր վաղ քրիստոնեական շրջանում, այլ ստեղծվում են նպատակային` ելնելով տվյալ հասարակության սոցիալ-տնտեսական կարիքներից և պետության և հասարակության դեմ ուղղված քաղաքականության կարիքներից:

Սակայն, անդրադարձ  կատարելով հետխորհրդային շրջանում պետության կողմից թույլտրված սխալներին, հարկ է մատնանշել այն փաստը` որ հարևան Վրաստանի Հարապետությունում, լինելով արևմտամետ երկիր, կրոնական հարցերի լուծումը վերապահված է միայն Կաթողիկոսին:

-Արդյո՞ք աղանդները միայն ապապետական գործունեություն են ծավալում և ինչպիսի՞ն է աղանդների ազդեցությունըհասարակության հոգևոր և բարոյական կերպարի վրա:

-Աղանդները միանշական և´ ապապետական գործունեություն են ծավալում, և´ ապաազգային, և´ ապաանձնային: Խեղաթյուրվում է հայ Լեզուն, Մշակույթը, Ավանդույթները` այն գործոնները, որոնք անձի մոտ ձևավորում են ազգային ինքնագիտակցություն:

Իսկ, երբ խոսում ենք ապապետական և ապաանձնային ազդեցության մասին, պետք է հասկանալ, որ դրա արդյունքը տվյալ պահի տվյալ գործողությամբ չի երևում, այլ երկարատև քաղաքականության արդյունք է: Աղանդում մարդը կորցնում է իր ազգային անհատականությունը, վերլուծելու կարողությունը, հեռանում է սոցիալ-հասարակական կյանքից` իր ամբողջ ուժերը ներդնելով տվյալ աղանդի զարգացման գործում: Այսպիսով հասարակությունը համալրվում է կամք չունեցող, ազգությունը և պետությունը մերժող, հոգեբանական և հոգեկան խնդիրների փունջ ունեցող անհատներով:

Եվ վերջում ուզում եմ նշել  մեկ այլ սոցիալական նպաստավոր պայմանի մասին, որի արդյունքում անձը հաճախ հայտնվում է աղանդում: Դա մեր համատարած անտարբերության զարգացումն է, երբ մարդը իր միջավայրում այլևս չի կարողանում գտնել սեր, ուշադրություն, կարեկցանք, հարգանք, և այդ բացը լրացնելու համար հայտնվում է աղանդում: Ուշադիր լինենք մեր կողքին ապրող մարդու նկատմամբ:

 

Աղբյուրը՝   magaghat.am